ՄԵԿՆԱՐԿԵՑ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹԸ
Ամենաուժեղ զենքը գիրն ու գրականությունն է

Հիանալի ավանդույթ է մանկապատանեկան գրականության շաբաթը մեկնարկել Հայաստանի մարզերից որևէ մեկում: Մարտի 29-ին Մանկապատանեկան գրականության շաբաթի մասնակիցներին հյուրընկալել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը: Մարդաշատ և տոնական էր թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճը, որտեղ հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, քաղաքի գրասեր հասարակության ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալը, Մարտունու քաղաքապետը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և անձամբ իր անունից ողջունելով հյուրերին, նշեց, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ սիրել է գիրը, ապրել է գրով ու գրականությամբ: Նրա հավաստմամբ՝ հայկական պետականության կայացման գործում իրենց ավանդն են ունեցել գրողները, մտավորականները: «Մարտական ոգին ծագում է գրից ու գրականությունից»,- ամփոփեց նա:
Ըստ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի՝ մարզում Մանկապատանեկան գրականության շաբաթի բացումը մեծ արձագանք կունենա մատաղ սերնդի դաստիարակության գործում: «Ամենաուժեղ զենքը գիրն ու գրականությունն է, մեծ գրողների շնորհիվ ենք այսօր գոյատևում»,- շեշտեց նա:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, աշակերտներին ներկայացնելով օրվա հյուրերին՝ Երվանդ Պետրոսյանին, Ռոզա Եղիազարյանին, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, գրող Անուշ Վարդանյանին, «Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական հանդեսի խմբագիր, բանաստեղծ Հռիփսիմէին, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանին, արձակագիր Սաթենիկ Ղազարյանին, Գեղարքունիքի գրական բաժանմունքի ղեկավար, գրականագետ Նորայր Ղազարյանին, նշեց, որ մանկագիրների հետ հանդիպումներն առավելապես ճանաչողական բնույթ ունեն, որովհետև դասագրքերում այդ մանկագիրների ստեղծագործությունները կան, բայց երեխան չգիտի, որ նրանք ապրում են իր կողքին: Ապա կարևորեց երեխաների մեջ անհատականություն, ինքնադրսևորում և ամեն ինչի հանդեպ ստեղծագործական մոտեցում, մտածողություն ձևավորելը: «Պետք է ունենալ ջիղ, ավյուն, պայքարի ոգի՝ երազանքին հասնելու համար, իսկ դրա ամենակարճ ճանապարհը գիրք կարդալն է, մեր հողը, հայրենիքը ճանաչելն է»,- ասաց նա` հավելելով, որ Արցախյան ազատամարտում էական է եղել հայ գրականության ոգին: «Գրականությունն ամենամաքուր հայելին է, որ անդրադարձնում է կյանքի ընթացքը, որովհետև ինչ կարդում ես, դա հետո քո կերպարին է միանում, ինչ տեսնում ես գրի մեջ, դա գումարվում է քո էությանը»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Անուշ Վարդանյանը արժևորելով ժամանակակից գրողների ստեղծագործությունները, վստահեցրեց, որ նրանց գրքերը մանուկներին նոր հայացքով, նոր տեսանկյունով են ներկայացնում աշխարհը: «Մեր հրատարակչությունը տպագրում է այն գործերը, որոնք ստեղծվում են հենց այսօր: Մենք համագործակցում ենք հեղինակների հետ»,- հպարտությամբ նկատեց նա:
«Ամեն անգամ, երբ հանդիպում եմ դպրոցների աշակերտներին, մի տեսակ մանկանում եմ, հետ եմ գնում, և ինձ համար շատ հաճելի է այդ մաքուր աշխարհում հանկարծ հանդիպել իմ մանկությանը»,- ասաց Հռիփսիմէն և ցավով փաստեց, որ ստեղծագործական ներուժը այսօր չի անդրադառնում մանուկներին:
Ռոզա Եղիազարյանը նկատեց, որ այսօր արվեստի բոլոր տեսակները տեխնիկայի միջոցներով կարելի է ստեղծել, բացի գրականությունից: «Գրականությունը, գիրքը միակն է, որը մարդն ինքնուրույն է ստեղծում, ընդ որում՝ իսկական գրականությունը, ինչը չի ստեղծվում բառերի շարանի միջոցով, այլ տրվում է ի վերուստ»,- ասաց նա:
Ելույթ ունեցան նաև ու ներկաներին իրենց ստեղծագործություններից ներկայացրին Երվանդ Պետրոսյանը, Սաթենիկ Ղազարյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Նորայր Ղազարյանը: Հյուրերին ողջունեցին Մարտունու հիմնական դպրոցի երգչախումբը և պարային խումբը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Արփինե Սարգսյան): Մանկագիրների գործերից ասմունքեցին դպրոցի աշակերտները: