Մանկապատանեկան գրականության հանրապետական շաբաթ

Ապրիլի 3-ին մեկնարկեց մանկապատանեկան գրականության հանրապետական շաբաթը, որն ինչպես ամեն տարի, բացվում է որևէ մարզում և եզրափակվում Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում՝ այս տարի ապրիլի 8-ին։

Ծաղկաձորի համայնքապետարանը՝ համայնքապետ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ ՀԳՄ ստեղծագործական տանը հյուրընկալել էր համայնքի ուսուցիչներին, մանուկներին, գրադարանների աշխատողներին։ Երևանից ժամանել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տիգրան Նիկողոսյանը, Անուշ Վարդանյանը, Գոհար Գալստյանը, Սաթենիկ Ղազարյան-Աղասարյանը, Հայկ Սիրունյանը, որոնց միացան Կոտայքի գրական բաժանմունքի ղեկավար Հակոբ Հարությունը, Սուրեն Դավթյանը, Զեմֆիրա Մկրտչյանը, բանաստեղծուհի Վարդ Արծափեն։ Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացրեց մասնակից գրողներին, մանուկներին ուղղորդեց ավելի շատ ընթերցել գրքեր, միմյանց հետ խաղալ անմիջական և ամբողջ օրը չզբաղվել հեռախոսային խաղերով, որոնք նաև ազդում են ընդհանուր առողջության վրա։ Նա նաև կարդաց բանաստեղծություններ մանուկների համար։ Մանուկները մանկագիրների ստեղծագործությունները ներկայացրեցին, ապա ելույթ ունեցան մանկագիրները։ Վերջում երեխաները հարցեր ուղղեցին գրողներին։