ՄԱԴԼԵՆ ԳԱՐԱԳԱՇՅԱՆ

ՄԱԴԼԵՆ ԳԱՐԱԳԱՇՅԱՆ

Ռումինահայ ճանաչված գրող, թարգմանիչ, հրապարակագիր, Ռումինիայի և Հայաստանի գրողների միության անդամ Մադլեն Գարագաշյանը 85 տարեկան է։

Ավելի քան կեսդարյա նրա գրական-լրագրողական կենսագրությունը ազգային ավանդույթներին, այս տարի 100-ամյակը բոլորած ռումինահայ համայնքի ներկային ու ապագային, Մայր Հայրենիքի հետ կապերի առավել սերտացմանն ու ժողովուրդների միջև մշակութային համագործակցությանը նվիրումի վառ օրինակ է։

Մադլեն Գարագաշյանը դեռևս երիտասարդ տարիներից շուրջ երկու տասնամյակ եղել է Բուխարեստի «Նոր կյանք» հայերեն պարբերականի խմբագիրը, 2001-2018 թվականներին հրատարակել է «Հայերի հետ և նրանց մասին» վեցհատորյակը, խմբագրել և հրատարակել «Ռումինիայի նոր և ժամանակակից պատմության հայ անձնավորություններ» հատորը։ 1982-ից մինչ օրս Մ. Գարագաշյանի ռումիներեն թարգմանությամբ լույս են տեսել հայ դասական և ժամանակակից մի շարք գրողների գործերը, «Այստեղով է անցել Աստված» արդի գեղարվեստական արձակի անթոլոգիան, Վ. Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը։

Իր ստեղծագործական ծանրակշիռ վաստակի և ազդեցիկ գրական և մշակութային գործունեության համար Մադլեն Գարագաշյանը պարգևատրվել է Ռումինիայի, Հայաստանի մի շարք պետական, գրական և հասարակական կազմակերպությունների պատվոգրերով ու մեդալներով։ Օրերս նա արժանացել է նաև Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։

Բոլոր գրողների անունից սրտանց շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ, մաղթում ենք նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ