«ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ»

«ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ»

Հոկտեմբերի 3-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ անդամ 109 գրողների ստեղծագործությունների «Ձայն հայրենական» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի նախաձեռնությամբ, «Արմավ» հրատարակչությունում: Ծրագրողն ու համադրողն է գիտությունների դոկտոր, պրոֆեոր, Նյու Յորք նահանգի համալսարանի Րաքլընտ քոլեջի դասախոս, թատերագիր Հրանդ Մարգարեանը: Գրքի կազմողն է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խմբագիրը՝ Արմեն Ավանեսյանը: Գրքում զետեղված բանաստեղծություններն ու արձակ ստեղծագործությունները ընտրել են հեղինակներն իրենք: Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հեղինակներին գրքի հրատարակման առթիվ: Նա ասաց, որ գիրքն ընդգրկում է տարբեր ոճերի ու թեմաների ստեղծագործություններ և ընթերցողին է ներկայացնում Հայաստանում ապրող ժամանակակից գրողների մտածողության հիմնական պատկերը: Արմեն Ավանեսյանն ընթերցեց Հրանդ Մարգարեանի ուղերձը: Նա ներկայացրեց  Համազգային հայ կրթական և մշակութային միության մատենաշարի նախաձեռնությամբ «Արմավ» հրատարակչության տպագրած «Ձայն արցախական», «Ձայն հյուսիսային», «Ձայն քերթողական» (Հայաստանի ժամանակակից բանաստեղծներ մինչև 40 տ.), «Ձայն թատերական», (Ժամանակակից հայ դրամատուրգներ) գրքերը, ինչպես նաև խոսեց մատենաշարով նախատեսված ապագա  գրքերի մասին: Ելույթ ունեցան երիտասարդ գրականագետ Արամ Խաչատրյանը, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը,  բանաստեղծուհիներ Անուշ Վարդանյանը և Եսթերը: