Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը` հավիտենական արժեք

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը` հավիտենական արժեք
Դեկտեմբերի 18-ին մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի շիրիմի շուրջ հավաքվել էին գրողներ, գրականագետներ, աշակերտներ, գրողի ընտանիքի անդամներ, հարազատներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հ. Մաթևոսյանի հիշատակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` յուրաքանչյուր գրող ապրում է, երբ ընթերցում են նրա գիրը, և Հ. Մաթևոսյանի ստեղծածը բոլորի հետ խոսելու է ընդմիշտ, քանի որ սերունդները ապրում են նրա գրով: «Հ. Մաթևոսյանը իր մտածողությամբ առավել կենտոնացավ մի տարածքի՝ իրենց Ահնիձորի, Լոռվա աշխարհի անկյունում, որտեղ հայտնաբերեց այն, ինչ նստած էր իր ենթագիտակցության և ճանաչողության մեջ: Նա դարավոր հայ մարդու տեսակը, մոր, հոր կերպարները հավերժացրեց, աշխատանքի, գյուղի տարածքի, բնության, կենդանիների այս ամբողջականությունը գումարեց, վրան դրեց Հ. Մաթևոսյան անունը, և դա հավերժական կնիք է»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ Հ. Մաթևոսյանը հայ արձակը մոտեցրեց ժամանակի ոգուն` պահպանելով գեղարվեստական բարձր մակարդակը: «Նրա գործերը մնայուն արժեքներ են մեր արձակի, ինչու չէ, նաև համաշխարհային արձակի պատմության մեջ»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
Գրականագետ Ժենյա Քալանթարյանը, ով այս տարի արժանացել է «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա մրցանակին, Հ. Մաթևոսյանի ստեղծագործությունը բնորոշեց իբրև հավիտենական արժեք, որին առնչվելը ճանաչողական, գեղարվեստական հաճույք է պատճառում ընթերցողին: «Ամեն անգամ վերալիցքավորվում ենք` առնչվելով նրա ստեղծագործությանը և կրկին ստուգելով նրա խոսքի ճշմարտացիությունը և արվեստի մեծ ուժը»,- ընդգծեց Ժ. Քալանթարյանը:
Գրականագետ Վազգեն Գաբրիելյանը վստահեցրեց, որ Հ. Մաթևոսյանը կարդացվում է, որովհետև բերում է կյանքի ճշմարտությունը և բերում է մի շատ հրաշալի լեզու, որ ոչ մեկինը չէ: «Գրողի բացառիկությունն այն է, որ երբ կարդում ես նրան, տեսնում ես, որ այդպես մեկ ուրիշը չի կարող գրել»,- ասաց նա:
«Հրանտը միայն Հայաստանի համար չէր, Հրանտը մեր ամբողջ ժողովրդի ու նաև այլ ժողովուրդների համար էր՝ թարգմանվելու պարագայում»,- ասաց սփյուռքահայ գրող Թորոս Թորանյանը և հիշեց, որ Սփյուռքում ձեռքից ձեռք էին տանում գրողի ոչ միայն պատմվածքները, այլև հոդվածները, որոնք Սփյուռքին նոր կյանք էին տալիս:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթևոսյանը խոսեց մարդկանց, իրականության, հայրենիքի, բնության հանդեպ Հ. Մաթևոսյանի տեր լինելու վերաբերմունքի մասին: «Նա փորձում էր տեր կանգնել բոլորիս և ամեն ինչին»,- ասաց նա և արժևորեց գրողի սերը աշխարհի, բնության, մարդու հանդեպ, ուժեղի, տիրոջ սերը՝ կարգի գցելու, արարելու, ոտքի կանգնեցնելու, գուրգուրելու, տեր լինելու սերը որպես կյանքի հիմնական մոտիվացիա, կենսակերպ: Դ. Մաթևոսյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարության հետ պայմանագիր է կնքվել Հ. Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունների գրքի մի մասի ֆինանսավորման վերաբերյալ, և հույս հայտնեց, որ մյուս տարի գիրքը լույս կընծայվի երկու հատորով:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ գրողի այրին` տիկին Վերժինեն, շեշտելով, որ Հ. Մաթևոսյանը իր ճանապարհը հարթել է, նրա գրականությունը ապրում է:
Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրին գրողի ստեղծագործություններից:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ