ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – 90

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – 90

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն էր փետրվարի 12-ին: Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղկադրմամբ ու խնկարկմամբ հարգանքի տուրք մատուցվեց մեծանուն գրողին: Հրանտ Մաթևոսյանի արձանի մոտ էին գրողներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, աշակերտներ: Մաթևոսյանի անվան դպրոցի աշակերտները հնչեցրին Հրանտ Մաթևոսյանի խոսքը՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որի ամեն բառ բխում է հայոց ինքնությունից՝  արտահայտելով թե՛ իր ժամանակը, թե՛ պատգամ ունենալով դեպի ապագա: Գրականագետ Հայկ Համբարձումյանը շնորհավորեց ներկաներին հոբելյանի առթիվ, ասելով՝ «Շնորհակալ ենք Աստծուն, նաև գրականության Աստծուն,  ում երեսը, ինչպես Մաթևոսյանն էր ասում, մի քանի անգամ տեսնելու հնարավորություն ունեցել է, որ մեզ էլ պարգևել է գրականության Աստծուն տեսնելու հնարավորությունը՝ կարդալով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները և լսելով նրա խոսքը, որովհետև ինչպես ինքն էր ասում, գրականությունն էլ Աստծուն հավասար արարիչ է և բացում, պարզում ու ստեղծում է այն ամենը, ինչ որ մարդկային աչքը չի տեսնում»:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ «Հրանտ Մաթևոսյանի արձակի բուն էությունը մարդու հոգին է. նա ապրի Ծմակուտում թե քաղաքում՝ հոգին ու մարդկայնությունն է կարևորը. Մաթևոսյանը շատ խորն էր ընկալում և իր ուրույն ոճով ու լեզվամտածողությամբ արտահայտում իր ստեղծագործություններում»: 

Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն ասաց. «Մեր խնդիրը ես այսօր տեսնում եմ Մաթևոսյանի ասածը կրկնելու, սերտելու,  ընկալելու և մեր խոսքը դարձնելու մեջ: Խոսք դարձնելուց հետո նաև մեր գործը դարձնելու մեջ, որպեսզի մենք արժանի լինենք իրեն և իրեն նախորդածներին: Դա մեր պարտքն է մեր երեխաների առաջ, մեր սերունդների առաջ»:

Նույն օրը Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան ցուցասրահում բացվեց Մաթևոսյանին նվիրված «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդես: Մաթևոսյանի ձեռագրերի, ահնիձորյան պատկերների և գրողի խոսքի ու լուսանկարների ցուցադրության, ինչպես նաև արհեստական բանականությամբ կատարված ինստալացիայի միջոցով ստեղծվել էր մի մթնոլորտ, որ փեղկեր էր բացում դեպի մաթևոսյանական խորախորհուրդ աշխարհ: