ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
Ապրիլի 16-ին ՝ ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացված հայցի հերթական դատական նիստը, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը: Նիստը վերաբերում էր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան սեփականության իրավունքին:Դատական նիստը դարձյալ տեղի ունեցավ առանց ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության, որը չի մասնակցել որևէ նիստի: Նիստը նախագահում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, որը ներկայացրեց գործի ներկա վիճակը: Ելույթ ունեցավ ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը՝ խոսելով տարիներ շարունակ ստեղծագործական տան գործունեության մասին և հիմնավորելով ՀԳՄ սեփականության իրավունքը: ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը ներկայացրեց իր դիտարկումները՝ փորձելով վիճարկել ՀԳՄ սեփականության իրավունքը, կասկածի տակ դնելով Հայաստանի գրողների միության՝ որպես Խորհրդային տարիներին գործող, 1934 թ.-ից գոյություն ունեցող Հայաստանի գրողների միության իրավահաջորդ և համարելով նրա գույքը՝ պետական սեփականություն: ՀԳՄ-ի շահերը պաշտպանող փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ ներկայացրեց փաստեր ու ՀԳՄ սեփականության իրավունքը հաստատող հիմնավորումներ, որոնք ներկայացվել էին դատարանին: Ելույթ ունեցավ նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ներկայացնելով լրացուցիչ փաստեր, որոնք հաստատում էին Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը՝ ինչպես ՀԳՄ շենքի, նույնպես և նրա Ծաղկաձորի ու Սևանի ստեղծագործական տների նկատմամբ: Նա փաստեց, որ 1993թ.-ի կանոնադրության մեջ նշված է Գրողների միության առկա նույն գույքերի մասին, որը հաստատում է իրավահաջորդությունը: Նույն նախագահն ու նույն անդամներն են շարունակել Հայաստանի գրողների միության գործունեությունը, որը իրավահաջորդության կասկածի տեղիք չի տալիս: Դատավորը՝ լսելով կողմերին և ամփոփելով երկու կողմերի կարծիքները՝ առաջարկեց հետաձգել գործի քննությունը և այդ ընթացքում ներկայացնել նրան առնչվող նոր փաստաթղթեր ու ապացույցներ: Նա նշեց նաև, որ կքննարկվի դատաքննության մեջ վկաների ներգրավման հարցը: Հաջորդ նիստը կկայանա ս/թ սեպտեմբերի 23-ին:
Հայաստանի գրողների միություն



