ՀԳՄ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀԳՄ Նոր անդամների ընդունելություն

Հունիսի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նոր ընդունված անդամների անդամատոմսերի հանձնման արարողությունը: Նախքան անդամատոմսերի հանձնումը՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ընտրվել է Պարույր Սևակի հիշատակի օրը՝ որպես տուրք մեծ բանաստեղծին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Պարույր Սևակի հիշատակը: Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Պարույր Սևակը ՀԳՄ քարտուղար է եղել և նոր անդամների համար օրը խորհրդանշական կլինի: Նա ողջունեց ՀԳՄ  նոր անդամներին՝ կարևորելով Գրողների միության համալրումը երիտասարդ, ինչպես նաև Հայաստանի մարզերում բնակվող և Արցախից Հայաստան տեղափոխված  անդամներով, շնորհավորեց նրանց ու ստեղծագործական նոր հաջողություններ մաղթեց: «Հայաստանի գրողների միության հիմնադրման հիմքերում էին Չարենցը, Բակունցը, Մահարին, այնուհետև՝  Իսահակյանը, Խաչիկ Դաշտենցը, Ստեփան Զորյանը, այլոք և այսպես ամեն սերունդ հերթագայելով՝ ստեղծել է իր բարձր գրականությունը: Դուք պիտի ձգտեք դառնալ մեր միության արժանի անդամները»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: ՀԳՄ անդամներ  դարձան Հերմինե Ավագյանը, Նվեր Մինասյանը, Զարինե Սառաջյանը, Քնարիկ Աբրահամյանը, Նաիրա Աբրահամյանը,  Շուշան Արամին,  Արմինե Ապրեսյանը, Արմեն Ավոն, Մարինա Գևորգյանը, Գրետա Լևոնին,  Հասմիկ Կարապետյանը, Գայանե Հովհաննիսյանը, Անի Ղազարյանը,  Նազելի Նաիրին, Նանար Պողոսյանը, Երվանդ Վարդանյանը և Հայկ Տեր-Մկրտչյանը: Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ անդամատոմսերն հանձնեց նոր անդամներին: Նրանք իրենց գոհունակությունն ու երախտագիտությունը  հայտնեցին ՀԳՄ անդամ դառնալու կապակցությամբ՝ ասելով, որ այն մեծ պատասխանատվություն է և հավաստելով, որ Գրողների միության անդամությունն իրենց ստեղծագործական նոր եռանդ կհաղորդի:  ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը նույնպես շնորհավորեց նոր անդամներին՝ արժևորելով արցախցի երիտասարդների՝ Հայաստանի գրողների միության անդամ դառնալը: «Երիտասարդական գրականությունը ոգեշնչման աղբյուր է: Պատիվ է լինել Հայաստանի գրողների միության անդամ: Կարծում եմ՝ սա ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է, և ձեր ակտիվությունը նկատելի կլինի միության գործունեության մեջ»,- նշեց նա: