ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Օրակարգում, այլ հարցերի հետ, ՀԳՄ նոր անդամների ցուցակի հաստատումն էր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ արդեն երեք տարի է Գրողների միությունում նոր ընտրություն չի եղել, մինչդեռ այս ընթացքում Սիությունը բազմաթիվ կորուստներ է ունեցել:Կան երիտասարդներ, հատկապես մարզերում, որոնք պատրաստ են Միության անդամակցությանը: ՀԳՄ անդամության 102 թեկնածուներից, ժանրային բաժանմունքներում քննարկումներից հետո, ՀԳՄ ընդունող հանձնաժողով էր ներկայացվել վաթսուներկուսի թեկնածությունը: Ընդունող հանձնաժողովում` փակ, գաղտնի քվեարկությամբ, ՀԳՄ անդամ էին ընտրվել քառասունյոթը: ՀԳՄ նախագահը ներկայացրեց նոր ընդունվածների ցուցակը, կարևորելով, որ ցուցակում զգալի է մարզերից ընդունվածների ներկայությունը: Քննարկումների արդյունքում նախագահությունը միաձայն հաստատեց ՀԳՄ նոր անդամների ամբողջական ցուցակը:
Օրակարգի երկրորդ հարցը ՀԳՄ հրատարակչության նոր տնօրենի նշանակումն էր: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ԳՀՄ քարտուղարությունը հրատարակչության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու է առաջարկում բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանին՝ հաշվի առնելով նրա մաս- նագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը: Նախագահությունը միաձայն հաստատեց Շ. Մկրտչյանի թեկնածությունը: Էդ. Միլիտոնյանը հայտնեց, որ ՀԳՄ անդամության համար դիմել է նաև Սփյուռքի անվանի և ճանաչված գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանը: Նախագահությունը միաձայն որոշեց հարգել նրա դիմումը:
Հաջորդ հարցը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան վիճակն էր: Ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը նշեց, որ կապված երկրի տնտեսական և սոցիալական վիճակի հետ, հաշվի առնելով աճող մրցակցության գործոնը, գնալով դժվարանում է ապահովել ստեղծագործական տան բնականոն գործունեությունը: Վիճակը բարելավելու նպատակով Մանուկյանն առաջարկեց, որպեսզի ամռան երկու` հուլիս, օգոստոս, համեմատաբար ծանրաբեռնված ամիսներին և ամանօրյա երեք օրերին հնարավորինս նվազեցնել գրողներին տրվող ուղեգրերի քանակը՝ տարվա մյուս ամիսների գրաֆիկը թողնելով անփոփոխ: Քննարկման արդյունքում, որին մասնակցեցին Դավիթ Սարգսյանը, Պետրոս Դեմիրճյանը, Գագիկ Դավթյանը, Վազգեն Գաբրիելյանը, Ալիս Հովհաննիսյանը, որոշվեց նաև նոր ընդունվածներին երեք տարի անց միայն ստեղծագործական տուն ուղեգրել:
Վերջում Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց առաջիկա միջոցառումների մասին, մասնավորապես ամսի 14-ին Ազգային գրադարանում նշվելու է Ավետիս Ահարոնյանի 150-ամյակը, ամսի 17-ին` այց Պարույր Սևակի տուն-թանգարան: