ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության տարեմուտի նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համառոտ ներկայացրեց ՀԳՄ 19-րդ համագումարից հետո վերջին չորս ամիսների գործունեությունը: Նա կարևորեց ՀԳՄ Մեծ դահլիճում, Կլոր սրահում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում տեղի ունեցած շնորհանդեսներն ու քննարկումները, դասականների օրերը, Թարգմանչած տոնը, գրողների հանդիպումները Արցախում, Հայաստանի Հանրապետության մարզերում, զորամասերում, ուսումնական հաստատություններում:
Էդ. Միլիտոնյանը նշեց, որ ԵԿՄ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԳՄ մի շարք մրցանակների թվում սահմանել Վազգեն Սարգսյանի անվան համատեղ մրցանակ՝ ազատամարտին ու նվիրյալ մարտիկներին նվիրված ստեղծագործությունների համար:
Առաջիկա տարին լինելու է Թումանյանական տարի, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու Հայաստանում ու Վրաստանում: Միաժամանակ նշվելու են մի շարք հոբելյաններ, այդ թվում և ՀԳՄ 85-ամյակը:
Նախագահությունը քննարկեց տարիներ շարունակ հանրապետությունից դուրս գտնվող, անդամավճար չմուծող, միջոցառումներին և գրական կյանքին մասնակցություն չբերող անդամների կարգավիճակի հարցը: Որոշվեց մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը նրանց հնարավորություն տալ՝ ՀԳՄ -ի իրենց անդամության պարտավորությունները հաստատելու, այլ պարագայում նրանց ՀԳՄ անդամակցության հարցը կդրվի ՀԳՄ նախագահության քննարկմանը:
Նախագահությունը բավարար գնահատեց ՀԳՄ գործունեությունը: Այնուհետև նախագահությունը անցավ ամենամյա մրցանակների շնորհման հարցին: Այս կապակցությամբ Ռոլանդ Շառոյանը առաջարկեց հանձնախումբ ստեղծել՝ մրցանակների կանոնակարգման համար: Ամփոփելով առաջարկի շուրջ ելույթները՝ որոշվեց, որ ստեղծված հանձնախումբը համակարգի բոլոր առաջարկությունները և նիստերից մեկում ներկայացնի ՀԳՄ նախագահության քննարկմանը:
Փակ քվեարկությամբ որոշվեցին ամենամյա մրցանակի դափնեկիրները: