ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վերջին երեք ամիսների ՀԳՄ գործունեությունը: Հաշվետու ժամանակահատվածում նախագահը եղել է ՀԳՄ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային բաժանմունքներում, մասնակցել է նրանց միջոցառումներին, քննարկել մի շարք խնդիրներ: Ամառվա ամիսներին ՀԳՄ Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում հանգստացել և ստեղծագործել են 50-ից ավելի գրողներ: Աշխատանքներ են տարվել գրահրատարակչական ոլորտում: Տարբեր հրատարակչությունների կողմից մոտ 45 գրողների գրքեր կտպագրվեն պետական աջակցությամբ: Հայ գրողների անթոլոգիաներ են տպագրվել Լեհաստանում, Բուլղարիայում, Իրանում, Ռուսաստանում, պատրաստվում է հունգարական անթոլոգիան: ՀԳՄ-ն հյուրընկալել է Ուկրաինայից, Վրաստանից, Իրանից ժամանած գրողներին: Շարունակվում են Սևանի ստեղծագործական տան վերակառուցման նախագծային աշխատանքները: Եղել են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, հոբելյանական ցերեկույթներ: Ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ մրցանակաբաշխության արդյունքները: Սկսվել է «Գրականություն. 21-րդ դար», «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ», Նաթելլա Լալաբեկյան, Իրինա Գյուլնազարյան մրցանակաբաշխությունների գործընթացը:
ՀԳՄ նախագահությունը քննարկեց «Լոռվա Ձոր» հայրենակցական միավորման առաջարկը` Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի վերականգնման մասին: Նախագահությունը միաձայն հավանություն տվեց առաջարկին: Էդ. Միլիտոնյանը այնուհետև ներկայացրեց «Կանթեղ» մրցանակի ներկայացված հեղինակների ստեղծագործությունները: Քննարկումից հետո նախագահությունը միաձայն հաստատեց Աշոտ Ալեքսանյանի, Դիանա Համբարձումյանի, Էմմա Բեգիջանյանի, Անդրանիկ Խեչումյանի (Իրան) թեկնածությունները: