ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց  2026 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Նա խոսեց տարվա սկզբից մինչև այժմ իրականացված  միջոցառումների մասին: Դրանք էին՝ Գիրք նվիրելու օրը, Պոեզիայի միջազգային օրը, Մանկապատանեկան գրականության շաբաթը, դպրոցներում գրողների հետ հանդիպումները, գրողների հոբելյաններին նվիրված միջոցառումները, ինչպես նաև գրքերի շնորհանդեսները: Նա նշեց նաև նախատեսվող ծրագրերի մասին՝ մրցանակաբաշխությունների, հավաքների և այլն: Էդ.Միլիտոնյանն անդրադարձավ  Հայաստանի գրողների միության անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացրած հայցին, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը՝ խոսելով ՀՀ վարչական դատարանում ընթացող երկարատև դատավարության,  ՀԳՄ-ի առջև ծառացած խնդիրների ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքի մասին: Այնուհետև նա խոսեց միջազգային գրական կապերի մասին՝ պատմելով Վրաստանում վերջերս կայացած միջազգային գրական փառատոնի, ՀՀ – ում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ու Իրանում հայ գրականության հանրահռչակմանն ուղղված, ինչպես նաև գրքերի հրատարակման նախատեսված ծրագրերի  մասին:

Նիստի երկրորդ մասում քննարկվեց Հայաստանի մարզերից, ինչպես նաև Արցախից ՀԳՄ երիտասարդ անդամների ընդունելության հարցը: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց երիտասարդներին, նշելով, որ նոր անդամների ընդունելության նպատակը ՀԳՄ աշխատանքները մարզերում ակտիվացնելն է: Կարծիքներ հայտնեցին Գուրգեն Խանջյանը, Արմեն Ավանեսյանը, Անուշ Վարդանյանը, Անդրանիկ Կարապետյանը և այլոք: Առարկություններ չեղան և ներկայացված 17 երիտասարդները միաձայն ընդունվեցին որպես ՀԳՄ անդամներ:

Այսպիսով,  ՀԳՄ նախագահության նիստն ավարտեց իր աշխատանքները: