ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

Մայիսի 29-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Մասնակցում էր նախագահության  20  անդամ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց  2025 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Նա խոսեց այն միջոցառումների մասին, որոնք իրականացվել են տարվա սկզբից մինչև հիմա: Դրանք էին՝ Գիրք նվիրելու օրը, Մանկապատանեկան գրականության շաբաթը, գրողների հետ հանդիպումները դպրոցներում, գրողների հոբելյաններին նվիրված միջոցառումներ և գրքերի շնորհանդեսներ: Նա նշեց  հրատարակված «Պոեզիա» երկրորդ տարեգրքի, «Արձակ դաշտեր» անթոլոգիայի, «Երգերի ծառ» մանկական անթոլոգիայի մասին, որոնցում տպագրվել են ՀԳՄ անդամ գրողների ստեղծագործությունները՝ հավաստելով, որ այդ ծրագրերը կլինեն շարունակական: Նա խոսեց նաև նախատեսվող ծրագրերի մասին՝ մրցանակաբաշխությունների,  Ծաղկաձորում կայանալիք ամենամյա Երիտասարդ գրողների համաժողովի և այլն: Էդ.Միլիտոնյանն անդրադարձավ  Հայաստանի գրողների միության անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացրած հայցին, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը՝ խոսելով ՀՀ վարչական դատարանում դատավարության ընթացքի ու այդ ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: Նշվեց նաև «Գրական թերթ»-ի առաջիկա համարում դատավարությունների վերաբերյալ տպագրվելիք հոդվածի մասին:

Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ  Թարյան – Մխիթարյան ընտանիքը դրամական օժանդակություն է հատկացրել ՀԳՄ-ին և առաջարկեց սահմանել «Հայրենանվեր» անվամբ մրցանակաբաշխություն: Գուրգեն Խանջյանն առաջարկեց պոեզիայի, արձակի և մանկագրության անվանակարգերին հավելել նաև դրամատուրգիայի անվանակարգը: Կարինե Խոդիկյանը հավաստեց դրա անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրամատուրգիայի համար կա միայն ՀԳՄ ամենամյա  մրցանակը: Նախագահության անդամները միաձայն համաձայնեցին մրցանակ սահմանելու առաջարկին:

Եղան քննարկումներ ՀԳՄ-ում կատարված աշխատանքների, մրցանակաբաշխությունների և այլ հարցերի շուրջ: Էդ.Միլիտոնյանն անդրադարձավ նախատեսվող ծրագրերին, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված անթոլոգիայի տպագրությանը: Այսպիսով,  ՀԳՄ նախագահության նիստն ավարտեց իր աշխատանքները: