ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքի վերաբերյալ մինչ այժմ տեղի ունեցած դատավարությունների անդրադարձ (միայն փաստեր)
ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքի վերաբերյալ մինչ այժմ տեղի ունեցած դատավարությունների անդրադարձ (միայն փաստեր)
2025 թվականի հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարանի դահլիճում Հայաստանի գրողների միության շենքի վերաբերյալ դատական նիստի ժամանակ ՀՀ դատախազության պետական շահերի վարչության պետի տեղակալ Սոնա Հովսեփյանը կարդաց 1952 թվի Երևանի քաղխորհրդի գործկոմի (այն ժամանակ, չգիտես ինչու, ռուսերեն գրված) որոշումը, որ, իբր, ՀԳՄ Բաղրամյան N3 հասցեում գտնվող շենքը 1952 թվից եղել է «Жилой дом», այսինքն՝ բնակելի տուն, չնշելով արխիվային փաստաթղթի գլխագիրը՝ «О передаче особняка N3 по ул. Баграмяна союзу советских писателей Армении», պարզ է, որ խոսքը առանձնատան մասին է։ Կածում եմ, բացատրել պետք չէ, թե ինչ տարբերություն ունի առանձնատունը բնակելի տնից։ Տիկին Սոնա Հովսեփյանն իր կողմից հավելեց, որ այդ տունը սկզբում ունեցել է բնակիչներ։
Ուսումնասիրելով այդ թվերի մեր գրական մամուլը, համոզվեցինք, որ պաշտոնյայի խոսքը չի համապատասխանում իրականությանը, փաստերը վկայում են՝ «Գրական թերթի» 1951 և 1952 թվերի հրապարակումները, հայտարարությունները, այժմ ապրող ավագագույն գրողների վկայությունները, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ինքնակենսագրական գրվածքից մեջբերումը և այլ նյութեր, որ Հայաստանի գրողների միությունը Բաղրամյան N3 հասցեում գտնվող շենքում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել դեռևս 1951 թվականից։
Եվ որ շենքը, ըստ Ավիկ Իսահակյանի գրության (վերջին և մյուս հիշատակած նյութերը տպագրվում են «Գրական թերթ»-ի 2025 թ. փետրվարի 7-ի (թիվ 2) համարում) կառուցվել է հատուկ Հայաստանի գրողների միության համար, որը լսել է իր պապ Ավետիք Իսահակյանից։
Հավելենք՝ ՀԳՄ շենքի մեծ մասը՝ շենքին կից հիմքից չորս հարկ և հիմնական կառույցի 4-րդ հարկը կառուցվել է 1970-ականների սկզբին, որի ֆինանսավորումը ապահովել է նաև ՍՍՀՄ գրական ֆոնդը, որը գոյանում էր ժամանակակից և դասական գրողների հոնորարների տոկոսներից և 1934 թվականից գործել է որպես ոչ պետականն հիմնադրամ։։ Այսինքն՝ մենք՝ այն ժամանակվա գրողներս, ևս մեր տուրքն ունենք այդ գործում։
Իսկ Սոնա Հովսեփյանի պնդումը, թե այսօրվա ՀԳՄ-ն նախկին սովետականը չէ, Անկախության 1993 թվականին է ծնվել և ժառանգորդը չէ նախկին, անցած միությանը, ավելացնենք՝ ինչպես «Գրական թերթի» նախավերջին համարում ենք գրել՝ ՀԳՄ-ն նույն հասցեում, նույն գրական դեմքերով, ինչ 1993 թվի սկզբում և առաջ էր, այդպես էլ՝ 1993 թվին։ Նաև պահպանել են գրական մամուլի թերթերն ու ամսագրերը, ստեղծագործական տները և հոգացել են նրանց պահպանման ծախսերը, մուծել հարկեր։ Չմոռանանք նաև ներդրողներին։ Մինչ այդ նույն կազմակերպությունը գործել է 60 տարի և հետո ևս 30 տարի, որի 90-ամյակը նշել ենք 2024 թվականին։
Հայաստանի Գրողների միության շենքը սկսել են կառուցել 1950 թվականին՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 75-ամյակի նախօրեին։
… Առաջին հարկում նախատեսված էր ընդարձակ դահլիճ գրական հավաքների և երեկոների անցկացման համար։ Այստեղ էր գործելու նաև «Հայաստանի գրական ֆոնդը»։ Երբ շինարարությունը մոտենում էր ավարտին, պարզվեց, որ լրացուցիչ գումար է անհրաժեշտ կառուցվող շենքի կտուրը ծածկելու համար, և պահանջվող գումարը Ավետիք Իսահակյանը անհատույց հատկացրեց իր տպագրած գրքերից ստացած հոնորարներից։
Այսպիսով՝ սկսած գաղափարից, Հայաստանի գրողների միության շենքի կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Ավետիք Իսահակյանը, որը ղեկավարել է միությունը ցմահ՝ մինչև 1957 թ. հոկտեմբերի 17-ը:
(ԱՎԻԿ ՎԻԳԵՆԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՀԳՄ անդամ 1977 թվականից, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր)
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
(«Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ» (հոդվածներ, քննարկումներ, հուշեր), Երևան, «Վերնատուն մեդիա» ՍՊԸ, 2023 թ., էջ 184)
31-ը հուլիս, 1951 թվական, հանդիպում հայ գրողների հետ։ Երեկոյան ժամը վեցին ուղղվում ենք դեպի գրողների նորակառույց ակումբ-պալատ՝ Բաղրամյան պողոտա։
Ինչպես մեր մյուս այցելությունների առթիվ, այս անգամ էլ մեր խումբը բաղկացած է արտասահմանից ժամանած հոգևորականներից՝ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Գեր. Տ. Եղիշե Երքեպ. Տերտերյան, Գեր. Տ. Սուրեն Քեմանճյան, Գեր. Տ. Նորայր Եպիսկոպոս Պողարյան և այս տողերը գրողը՝ ընկերակցությամբ Խորհրդային Հայաստանի դավանությունների խորհրդի նախագահ Հրաչյա Գրիգորյանի, Մայր Աթոռի ընդհանուր քարտուղար Հ. Ագուլյանի և Հոգևոր ճեմարանի տեսուչ պրոֆ. Մինասյանի։ Գրողների պալատը կարմիր տուֆե շենք է՝ բազմահարկ, գեղեցիկ, մեծ շինություն՝ սյունազարդ շքեղ մուտքով։ Շենքը նոր է կառուցվել և ներքին կահավորումը տակավին ավարտված չէ։ Աշնանը պիտի տեղի ունենա պաշտոնական բացումը։ Մեզ դիմավորում են մի խումբ երիտասարդ գրագետ-գրագիտուհիներ ու մեզ առաջնորդում նախագահի գրասենյակ։ Գրողների միության նախագահ Ավետիք Իսահակյանը բացակա է։ Երկու օր առաջ մեկնել է օդափոխության՝ Հյուսիսային Կովկաս։ Հաշտվում ենք Վարպետի բացակայության գաղափարով, վասնզի մի քանի օր առաջ իր ներկայությունը փառավորապես վայելել էինք «Արարատ» ճաշարանում՝ մտերմական սեղանի շուրջ, ու միասին ճաշակել երևանյան համբավավոր լուլե քեբաբը։
Գրասենյակում մեզ ընդունում է մեր գրական մեծ դեմքերից վաստակավոր վիպասան Դերենիկ Դեմիրճյանը։ Ներկա են գրական քննադատներ Թոփչյանը, Հրաչյա Գրիգորյանը, դրամատուրգ Տեր-Գրիգորյանը և ուրիշներ։
Գրասենյակում ընդհանուր բնույթի ջերմ խոսակցություն։ Ապա այցելում ենք պալատի զանազան հարկաբաժիններ և սրահներ, մեծ ամֆիթատրոն՝ բեմ և ֆիլմի ցուցադրության հարմարություններով, առանձին պարապմունքների համար աշխատանքի սենյակներ, գրասենյակներ և այլն։ Տպավորիչ է մուտքի մարմարապատ սրահը և ամֆիթատրոնը։ Ամեն կողմում առատ լույս, շատ առատ լույս, իսկական լույսի պալատ՝ թե՛ բարոյական, թե՛ նյութական իմաստով։ Դերենիկ Դեմիրճյանի նախագահությամբ նստում ենք երևանյան բարիքներով լեցուն սեղանի շուրջ։
Ես՝ Աելիտա Գուրգենի Դոլուխանյանս, 1971-ի փետրվար ամսին իմ գիտական ղեկավար, հայտնի միջնադարագետ Ասատուր Շմավոնի Մնացականյանից (ՀԳՄ անդամ Ասատուր Շեմսից) լսել եմ, որ ներկայիս ՀԳՄ շենքը, որը գտնվում է Բաղրամյան 3 հասցեում, կառուցվելիս Ավետիք Իսահակյանը՝ Վարպետը, մասնակցել է նյութական աջակցությամբ։ Նա շատ խանդավառ է եղել այդ շենքը արագ կառուցելու հարցում։
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀԳՄ անդամ 2000 թվականից
24.01.2025 թ.


ՀԳՄ ՀԿ-ն հանդիսանում է Հայկական ՍՍՀ-ում գործած գրողների միության իրավահաջորդը, քանի որ ՀԳՄ-ն հանդիսանում է նախորդող Հայաստանի գրողների միության բազայի վրա գործող կազմակերպություն։ Գրողների միության կազմը (նախագահ՝ Վահագն Դավթյան)՝ իր անդամներով, դուստր-ձեռնարկություններով (Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տներ), խմբագրություններով, գույքով միասնական են ՀԳՄ ՀԿ-ում, որի հասցեն է, սկսած 1951 թ.-ից, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 3։ ՍՍՀՄ-ն այլևս գոյություն չուներ, իսկ ՀՍՍՀ գրողների միությունը չի լուծարվել, այլ վերակազմակերպվել է և վերանվանվել է անկախ Հայաստանի ՀԿ-ի։ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի կողմից 1992 թ. հաստատված Կանոնադրության 6-րդ կետի համաձայն՝ «ՀԳՄ կառուցվածքում են Գրական ֆոնդը, Գրողների տունը, Գրականության պրոպագանդայի բյուրոն, «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսների խմբագրությունները և դուստր ձեռնարկությունները, որոնք իրենց ստեղծագործական և ֆինանսական գործունեությամբ հաշվետու են Հայաստանի գրողների միությանը»։
Իսկ 7-րդ կետում նշված է՝
«Գրական ֆոնդի, Պրոպագանդայի բյուրոյի, ինչպես նաև դուստր ձեռնարկու-թյունների Կանոնադրությունները հաստատում է գրողների միության խորհուրդը։
Վերը թվարկած կազմակերպությունների ունեցվածքն ու դրամական միջոցները տնօրինում է Հայաստանի գրողների միությունը»։
Այսինքն՝ արդեն իսկ գոյություն ունեցող Գրական ֆոնդը, խմբագրությունները, դուստր ձեռնարկությունները, գույքը հանդիսացել են հիմք ՀԳՄ ՀԿ-ի համար։ ՀԳՄ ՀԿ-ն գրանցվել է 04.06.1993 թ. ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 27/31 որոշմամբ։
10.07.2015 թ. հաստատված ՀԳՄ ՀԿ-ի Կանոնադրության 8.4 կետում նշված է. «Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո», որը կարծես թե խեղաթյուրվում է դատական տարբեր պրոցեսներում։
Հորդորում եմ կարդալ 2025 թվականի փետրվարի 7-ի «Գրական թերթի» համարը և կտեսնեք, որ Անկախությունից առաջ, 1990 թվին, արդեն վերոհիշյալ թերթում ՀԳՄ-ի նախագահությունը հրապարակել էր նախագիծ, որով նախանշվում էր ընդլայնված, առանձնակի գրական ընկերակցության ծրագիր, և ներկայացվել էր պատկան մարմիններ։ Այդ ծրագիրը հիմնականում դարձավ 1993 թվականի կանոնադրության հիմք։ Դա էլ մենք էինք և մեր Միությունը։
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը ՀԳՄ շենքի սեփականության իրավունքի, ընթացող դատական նիստերի ու իրավական գործընթացների մասին. «Նախորդ դարի 30-ական թվականներին, երբ հիմնադրվեցին գրողների միություններ և գրական ոչ պետական հիմնադրամներ, տարբեր հանրապետություններում, հոնորարներից են կառուցվել շենք-շինությունները և ամրագրված են եղել ԽՍՀՄ տարիներին որպես Գրողների միության սեփականություն: ԽՍՀՄ փլուզումից հետո այն դարձավ Գրողների միության սեփականություն: Դրանից հետո ամեն 10-15 տարին մեկ Գրողների միությանը ցնցում են: Սկզբում ստեղծվեց այլ գրողների միություն և վերջիններս գտան, որ գույքը պիտի բաժանեն: Արդյունքում՝ դատարանն օրինականորեն արձանագրեց, որ գույքը Հայաստանի գրողների միության սեփականությունն է: Անցյալ տարի ՀՀ կառավարությունը հանձնարարել է ՀՀ դատախազությանը՝ պարզել հասարակական կազմակերպությունների սեփականության խնդիրը: ԱԺ ամբիոնից երկրի վարչապետը հայտարարեց, որ ծրագրի նպատակն այն է, որպեսզի չփոշիացվի ստեղծագործական միությունների գույքը և չօտարվի: Բայց, կառավարական այս հանձնարարականից հետո, Գրողների միությունն իր համագումարում արձանագրել է, որ ով էլ լինի գրողների միության նախագահը և ովքեր էլ լինեն անդամները, գրողների միության անշարժ գույքը ենթակա չէ օտարման, այսինքն՝ այն ծրագիրը, որ ցանկանում է իրականացնել կառավարությունը, գրողներն արձանագրել են իրենց համագումարում»:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց նաև,
որ գործը քննվում է Վարչական դատավարության օրենսգրքի սահմաններում, ըստ որի՝ ներկայացված հայցը ժամկետանց է:
Փաստաբանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ կապված հայցի վաղեմության ժամկետի
հետ, ՀՀ վարչական դատարանն արձանագրել է դա և մերժել դատախազության հայցը ՀԳՄ
շենքի կապակցությամբ, սակայն դատախազությունը բողոքարկել է վերադաս դատական ատյանին:
ՀՀ վարչական դատարանը չի կարող ժամկետանց հայց քննել, սակայն, եթե, այնուամենայնիվ
քննվի, բավական լուրջ հիմքեր և ապացույցներ կան, որոնց մի մասը միայն ներկայացվեց:
Փաստաբանն արձանագրեց, որ դատախազության հայցապահանջը համարում է իրավազուրկ՝
դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:
Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան շենք – շինությունները կառուցվել են նաև ԽՍՀՄ գրական ֆոնդի միջոցներով։ Նշված միջոցները պետական ֆինանսավորման հետ որևէ առնչություն չունեին, այլ գոյանում էին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում հրատարակված գեղարվեստական գրականության, այդ թվում հայ գրողների գրքերի նշագրված արժեքների որոշակի տոկոսներից։ Նույն այդ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում ամբողջ երկրում կառուցվել և գործում էին առնվազն 20 ստեղծագործական տներ, որոնց մեծ մասը ուղիղ ենթակայությամբ պատկանում էին ԽՍՀՄ Գրական ֆոնդին, իսկ մի քանիսը, այդ թվում Ծաղկաձորը, Սևանը, Բեռալուսից «Խսլիչը», Ուկրայնայից «Իրապենը», Ուզբեկստանից «Դառմենը», հանդիսանում էին տվյալ հանրապետու-թյունների Գրողների միությանների սեփականությունը։ Այդ ստեղծագործական տների, տնտեսական ողջ գործընթացը թե՛ կառուցումը, թե՛ վերանորոգումը, թե՛ շահագործումը, իրականացվում էր նույն ԽՍՀՄ գրական ֆոնդի միջոցներով։ Հենց այդ իրավաբանական հիմնավորմամբ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, օրինական ճանապարհով Հայաստանի Գրողների Միությունը գրանցեց իրեն պատկանող կառույցների սեփականության իրավունքը։
Արդեն 2000 թ․ Արդարադատության նախարարությունը, նախարարի թիվ 190 հրամանով վերագրանցված ՀԳՄ կանոնադրության 3․8 կետով անառարկելիորեն վերահաստատել է, որ՝ «Հայաստանի Գրողների Միությունն ունի առանձնացված գույք, տնտեսական ընկերություններ, այդ թվում՝ գրական ֆոնդ, Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տներ․․․»։
Նշենք նաև, որ Հայաստանի Գրողների Միությունն անգամ խորհրդային շրջանում երբեք ներառված չի եղել պետական կառույցների մեջ, և դատախազության կողմից ՀԳՄ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օրինականության վիճարկումը դատարաններում «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թ.-ի սեպտեմբերի 10-ի ՀՀ օրենքի հենց վերնագրից և օրենքի 1-ին կետի ողջ բովանդակությունից «ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների․․․ ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականություն է», միանշանակ պարզ ու անքննելի է դարձնում իրողությունը, որ սյուն օրենքը, որը դրված է այս ամբողջ քաշքշուկի հիմքում, որևէ աղերս չունի ՀԳՄ սեփականության հետ։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զրկվելով արտաքին որևէ ֆինանսական օժանդակումից, Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տունը ոչ միայն պահպանեց իր հիմնական գործառույթը, որն է՝ ծառայել Հայաստանի մշակույթի, ի մասնավորի հայ գրականության զարգացմանն ու հանրահռչակմանը, այլև տարեցտարի բարենորոգելով ու զարգացնելով մատուցվող ծառայությունների որակն ու տեսականին, անգամ մեր երկրի համար ամենածանր տարիներին, առանց ընդհատումների շարունակեց գործունեությունը՝ նպաստելով մեր շատ գրողների ստեղծագործական ընթացքին։ Գրողներ, որոնցից շատերի Ծաղկաձորում գրված գործերը դասական արժեքներ են այլևս։ Գրողների տունը նաև հանգրվան ու դեպի Հայաստան պատուհան դարձավ օտարազգի բազմաթիվ գրողների և արվեստագետների համար՝ Վասիլի Գրոսման, Ալեքսանդր Կամենսկի, Անդրեյ Բիտով, Մեցիոս Ալեքսանդրապոլոս, Կիմ Բախշի և ուրիշներ, որոնք Հայաստանի մասին գրված գրքերով աշխարհում ավելի ճանաչելի ու ընկալելի դարձրին մեր երկիրը։ Նաում Գրեբնևը այս ստեղծագործական տանն է թարգմանել և ապա ռուսերեն հրատարակել (առաջին անգամ) Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ Փաստենք նաև, որ երկրի համար դժվարին իրավիճակներում Ծաղկաձորի Գրողների տունը աներկբա ու անշահախնդիր կանգնած է եղել պետության կողքին՝ 1988թ․-ից օթևանելով, խնամքով ու հոգատարությամբ շրջապատելով աղետալի երկրաշարժից ծնողազուրկ և հաշմանդամ դարձած երեխաներին, արցախյան առաջին պատերազմի ընթացքում տարհանված բազմաթիվ ընտանիքներին, 2020 թ․ ծանր համաճարակի ընթացքում մեկուսացվածներին, 44-օրյա դաժան պատերազմի օրերին հայրենի տունը կորցրած մեր հայրենակիցներին։
1980-ական թվականների վերջերից, մասնավորապես վերջին 30 տարիներին Ծաղկաձորի ստեղծագործական տան շենք–շինություններում, սեփական միջոցներով, պարբերաբար իրականացվել են հիմնական ու ընթացիկ վերանորոգումներ ու բարելավումներ։ Կառուցվել են՝ կաթսայատուն, բաց և փակ լողավազաններ, անտառամերձ տաղավարներ, կոնբինացված խաղահրապարակ նախատեսված թենիսի, վոլեյբոլի և բասկետբոլի համար, մանկական խաղահրապարակ, տեղադրվել է պուրակային վարժասարքեր։ Շինության ներսում կառուցվել է բար-դիսկոտեկը, փոխարինվել են միջանցքների և սրահների ալյումինե պատուհանները, հախճասալերով երեսպատվել է ճաշասրահի և խոհանոցի բետոնե հատակը։ Հիմնովին փոխվել է շինության հարթ տանիքի մաշված ծածկը ՝ մոտ 2500 քմ․։ Իննսունականների ցուրտ ու մութ տարիներին տեղադրված դիզել գեներատորները փոխարինվել են նոր ժամանակակից ավտոմատացված գեներատորային համակարգով։
Փաստենք նաև, որ իր գործունեության միայն վերջին 15 տարիների ընթացքում տարբեր հարկատեսակների գծով գեներացվել և պետական բյուջե է վճարել առնվազն մեկ միլիոն երեք հարյուր հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Սևանի ստեղծագործական տունը 30-ականներից գործել է որպես գրողների ստեղծագործական աշխատանքներին նպաստող կառույց՝ ամառային ամիսներին (հուլիս-օգոստոս)։ Կազմակերպչական, շինվերանորոգման և ֆինանսական միջոցները հոգացել է Հայաստանի ոչ պետական գրական հիմնադրամը։
1990-ականների սկզբից աշխատանքները կրել են ոչ մշտական բնույթ։ Ըստ այդմ շենքային վիճակը գնալով դարձել է շահագործման համար ոչ պիտանի։ Եվ որևէ պետական միջոց չի ներդրվել։ 2013 թվականին, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյան, շենքը վարձակալության է տրվել ներդրողների, որոնք նախապես հոգացել են շենքի նորոգման, կահավորման և շրջակայքի բարեկարգման ծախսերը, որին 2013 թվականին ՀԳՄ արտահերթ համագումարում անդրադարձել է հենց Լևոն Անանյանը։
«Վերջապես կարողացանք լուծել Սևանի ստեղծագործական տան թնջուկը, որը յուրատեսակ պատուհաս էր դարձել ՀԳՄ նախագահության համար։ Օրերս այցելեցի Սևան և կարող եմ հավաստել, որ վերջապես գտնվել է հուսալի վարձակալը, ով լուրջ ներդրումով փորձում է փրկել Տունը ավերումից և ապահովել մարդավայել սպասարկում»։
Եվ ապա հաջորդ համագումարում (2018 թ.) արտահայտվել է նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Այդ վերոնշյալ վարձակալները իմ որդիներն են եղել, որոնց անունները հիշատակված չէ: Նրանց ամենամյա ներդրումներով Սևանի հանգստյան տունը վերոնշյալ ծանր վիճակից հասել է գործելու և գրողներին սպասարկելու վիճակի»:
Հետագայում ևս ամեն տարի նորոգման և այլ աշխատանքներ են արվել։
Շենքը գործում է միայն ամռան հուլիս և օգոստոս ամիսներին և մասամբ սեպտեմբերի սկզբին։
Այս նյութը հրապարակում ենք ներկայացնելու իրականության մի մասը։ Դատերը շարունակվում են և սպասվում են հունիսի 4-ին և 6-ին նոր դատական նիստեր։ Այս ընթացքում Ազգային ժողովում քննարկվեց և ուժի մեջ է մտել հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որին ծանոթացել ենք վերջերս և համաձայն ենք, որ միությունների անդամների երկու երրորդի համաձայնությամբ միայն հնարավոր կլինի որևէ անշարժ գույքի վաճառքը։
Սակայն ընթանում են նկարիչների և գրողների միությունների գույքերի վերաբերյալ դատերը և հարցական է մնում, թե որքանով է մեզ առնչվում այդ օրենքը։ Կարծում ենք խտրական մոտեցումը աչք է զարնում, և անհասկանալի է այս վիճակը։
Արդյո՞ք քննարկման թեմա չէ սա ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովում վերջապես մեր մասնակցությամբ, հասկանալի չէ ո՞ւր է գնում այս ընթացքը և ո՞ւմ համար է ղողանջում զանգը, որը համառորեն զարկում է ՀՀ դատախազությունը։
Մնացյալը լռություն չէ, այլ ցավալի իրարանցում։
ՀԳՄ քարտուղարություն