Հանդիպում ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հետ


Հանդիպում ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հետ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ժամանակակից գրականությունը սովորողների, դասավանդողների ուշադրության կենտրոնում է և «Ճանաչենք ժամանակակից գրողներին» նախագիծը շուրջտարյա է։
Ժամանակակից շատ գրողների գործեր մշտապես ընթերցվում – քննարկվում են։ Ուսուցիչներն ու սաները պարբերաբար ընտրում, ընթերցում- վերլուծում են ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները , այնուհետև հրավիրում են հեղինակներին, զրույց-քննարկումներ ունենում նրանց հետ։ Կրթահամալիրում սովորողներն ունեն իրենց ուսումնական բլոգները, որտեղ գրառումներ են անում իրենց կարդացածի, կատարած նախագծերի մասին, լուսաբանում են տարատեսակ հանդիպումներ, միջոցառումներ և այլն…
Ահա այս նախագծով էլ՝ մարտի 3-ին՝ Գրողների միջազգային օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հետ։ Նշենք, որ Շանթ Մկրտչյանը 10 գրքի հեղինակ է և կատարել է շատ թարգմանություններ։
Հանդիպումը կազմակերպվել էր կրթահամալիրի մայրենիի դասավանդող Մարիետ Սիմոնյանի նախաձեռնությամբ՝ Մարիետ Սիմոնյանի, Արևիկ Ներսիսյանի( մայրենիի դասավանդող) և բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի(ով նույնպես դասավանդում է կրթահամալիրում) համագործակցությամբ:
Կրթահամալիրի 6-րդ դասարանցիները կարդացել էին Շանթ Մկրտչյանի «Երեքնուկ» ժողովածուն։
Ժողովածուն պետական աջակցությամբ տպագրվել է 2004 թվականին և ընդգրկում է պատմվածքներ պատանիների համար։ Պայմանավորվածություն ձեռք բերելով հեղինակի հետ ժողովածուն թվայնացվել է կրթահամալիրի կողմից և սովորողները կարողացել են գիրքն ընթերցել օնլայն տարբերակով։ Ընթերցելով գիրքը, նրանք շատ հարցեր էին առանձնացրել և հանդիպման ընթացքում հետաքրքիր, անկեղծ զրույց ծավալվեց։ Սեբաստացի սովորողները յուրօրինակ հարցեր էին տալիս, գրքից բացի՝ նրանց շատ էր հետաքրքրում նաև բանաստեղծի կյանքը, մտածումները, աշխարհայացքը…
Սովորողների համար ժամանակակից գրողների գործերը կարդալ- քննարկելը ուսումնական գործընթաց է նաև։ Նրանք կարդացած պատմվածքների հիման վրա հետաքրքիր հարցեր ու առաջադրանքներ էլ էին կազմել և հրապարակել իրենց ուսումնական բլոգներում։
Շանթ Մկրտչյանը ջերմորեն ողջունեց սովորողներին և իր զրույցում նշեց.
««Երեքնուկ» ժողովածուի շատ պատմվածքներ գրել եմ հենց ձեր տարիքի երեխաների համար։ Ոչ թե մտածել եմ, որ գրեմ հատուկ այս տարիքի համար, այլ մտածել եմ գրել այդ տարիքում իմ ապրած- զգացածի մասին։ Ու այդպես են ստեղծվել այս պատմվածքները։ Գրականությունը պետք է մոտ լինի իրականությանը, սակայն մեծ դեր ունի նաև վառ երևակայությունը։ Գրականությունն ու իրականությունը չպետք է նույնացվեն, որովհետև այդպես անհետաքրքիր կլինի։ Այս մասին չպետք է մոռանալ»։
Շանթ Մկրտչյանը սիրով պատասխանեց բոլորի հարցերին և վերջում ավելացրեց.
«Դեռ մանկուց ես գիրք ընթերցել շատ եմ սիրել։ Առաջին վեպը կարդացել եմ 10 տարեկանում։ Մենք ունեինք լավ գրադարան, և ես միշտ կարդում էի…
Հիմա, ցավով պիտի նշեմ, որ մեր ազգը սկսել է քիչ ընթերցել, ինչը շատ վատ է։ Պետք է շատ կարդալ, պետք է կարդալ թե՛ պոեզիա, թե՛ արձակ…Պետք է լավ ընթերցող լինել։ Ընթերցանությունը շատ կարեւոր է մարդու համար։
Մենք ունենք շատ լավ գրականություն, թարգմանական հրաշալի գործեր, որոնք պետք է անպայման ընթերցել»…
Հանդիպման ավարտին սովորողները բանաստեղծին նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստած հայկական զարդանախշերով կավե բաժակը և կրթահամալիրի քոլեջի սովորողների կողմից պատրաստած Սեբաստացի գինին։
Հանդիպումը շատ մտերմիկ , անմիջական ու ջերմ էր և անմոռաց կմնա բոլորի հուշերում…



