ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ՀԵՏ
Մարտի 26-ին Կոտայքի մարզի «Հրազդան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ և նրա «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի շնորհանդեսը: Այն կազմակերպվել էր «Հայի բռունցք» ՀԿ-ի և ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի նախաձեռնությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ Հակոբ Հարությունը: Նա ներկայացրեց Էդվարդ Միլիտոնյանին՝ խոսելով նրա գրական գործունեության ու հայ-վրացական բարեկամությունը ներկայացնող գրքի մասին: Այնուհետև ելույթ ունեցավ Էդվարդ Միլիտոնյանը: Նա խոսեց իր ստեղծագործությունների, ինչպես նաև երիտասարդության համար արդիական թեմաների մասին: Էդ. Միլիտոնյանը լուսաբանեց ժամանակակից գրականության գործընթացները, կարևորեց հանդիպումները ժամանակակից գրողների հետ, հայ դասական ու ժամանակակից գրականության ընթերցանությունը, որ կնպաստի երիտասարդների աշխարհայացքի ձևավորմանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործությունները: Հնչեցին նրա բանաստեղծությունները Պավել Բրսոյանի արտասանությամբ: Բանաստեղծուհի Վարդ Արծափեն ընթերցեց վրաց բանաստեղծների ստեղծագործությունների Էդվարդ Միլիտոնյանի թարգմանությունները «Հայոսը Քարթլոսի մասին» գրքից: Ավարտին Էդ. Միլիտոնյանը պատասխանեց երիտասարդների հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:



