ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ


            Մարտի 18-ին Հայաստանի գրողների միություն էին այցելել Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղի թիվ 2 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները: Արձակագիր Տիգրան Նիկողոսյանը աշակերտներին պատմեց Գրողների միության մասին: Կլոր սրահում աշակերտները  հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Տիգրան Նիկողոսյանը ներկայացրեց Էդվարդ Միլիտոնյանին՝ անդրադառնալով  նրա գրական գործունեությանը: Էդ. Միլիտոնյանը խոսեց  գրականության, մշակույթի և իր ստեղծագործությունների մասին` խորհուրդ տալով աշակերտներին շատ ընթերցել  բազմակողմանի զարգանալու համար: «Ունեցե՛ք նպատակ և գնացեք դեպի ձեր նպատակը, ընտրեք ճանապարհներ, որպեսզի ձեր կյանքը իմաստալից լինի»,- ասաց նա: Այնուհետև նա ընթերցեց բանաստեղծություններ իր «Կատվի դատը» գրքից ու պատասխանեց աշակերտների հարցերին: Էդ.Միլիտոնյանը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արփինե Ջրաղացպանյանին դպրոցի գրադարանի համար նվիրեց իր և ՀԳՄ-ում հրատարակված գրքերից: Արփինե Ջրաղացպանյանը շնորհակալություն հայտնեց  գրքերի ու հետաքրքիր հանդիպման  համար: