ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Մարտի 5-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Բյուրակն» կրթահամալիրի աշակերտների հանդիպումը «Երբ Արցախը պաշարված էր» գրքի արցախցի հեղինակների հետ: Օրը նշանակալի էր Վազգեն Սարգսյանի տարեդարձով և աշակերտները ՀԳՄ ճեմասրահում նախ ծաղիկներ դրեցին նրա նկարի մոտ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց աշակերտներին, խոսեց Վազգեն Սարգսյանի, նրա գրականության  ու Արցախյան պատերազմում նրա ունեցած հսկայական ներդրման մասին: Նա տեղեկացրեց, որ Երկրապահ կամավորականների միության առաջին շտաբը Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ  ստեղծվել է  ՀԳՄ-ում : Այնուհետև կլոր սրահում Էդ. Միլիտոնյանը խոսեց «Երբ Արցախը պաշարված էր» գրքի և արցախցի յոթ հեղինակների գրքերի մասին, որոնք տպագրության են պատրաստվել և հրատարակվել Երևանում Արցախի շրջափակման ընթացքում, ասելով, որ գեղարվեստական գրականությունն առավել ամբողջական է արտահայտում արցախյան խնդիրը: ՀԳՄ քարտուղար, Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը խոսեց Արցախի, պատերազմների, շրջափակման ու այդ ընթացքում գրողների գործունեության մասին: Նա ներկայացրեց արցախցի գրողներին՝ Նվարդ Ալեքսանյանին, Ալիսա Բաղդասարյանին, Անահիտ Գաբրիելյանին, Վիտալի Պետրոսյանին, Նանար Պողոսյանին և Զարինե Սառաջյանին: Աշակերտները ընթերցեցին գրողների ստեղծագործությունները: Հեղինակները պատասխանեցին աշակերտների հարցերին: Արցախցի գրողները կարևորեցին նման հանդիպումները, որոնք օգնում են իրենց հաղթահարել բռնի տեղահանության ցավը և շարունակել ստեղծագործել:

«Բյուրակն» կրթահամալիրի աշակերտները Գրողների միություն էին այցելել փոխտնօրեն  Անահիտ Պապոյանի  և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհիներ  Նարինե Ղազարյանի և  Սեդա Մարկոսյանի ուղեկցությամբ: