ՀԱՅ – ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԱՅ – ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Դեկտեմբերի 2-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Մշակույթի հայկական ֆոնդի հանդիպումը: Հանդիպման հյուրն էին Վրաստանից Սուրբ Իլիա Արդարի (Ճավճավաձե) «Իվերիա» թերթի պոեզիայի «Մրցանակ – Իվերիա» ամենամյա մրցանակաբաշխության հիմնադիր և կազմակերպիչ Նուգզար Ճիաբերաշվիլին և Երևանում անցկացվող «Կողք-կողքի» ներառական արտ փառատոնի մասնակիցներ Մարիամ Ջանաշիան և Բայա Գիորգաձեն: Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահ Արևշատ Ավագյանը ներկայացրեց հյուրերին, նշեց իրենց արդյունավետ համագործակցության մասին, որի շնորհիվ ժամանակակից հայ գրողները ներկայացվել են Վրաստանում և արժանացել մրցանակների: Նա խոսեց նաև Նինո Սպանդերաշվիլիի թարգմանությամբ հրատարակված «Ափից ափ» հայերեն – վրացերեն ժողովածուի մասին, որտեղ տպագրվել են հայ գրողների ստեղծագործություններ և հաջողությամբ ներկայացվել Վրաստանում:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց հայ – վրացական մշակութային ու գրական առնչությունների մասին: Նա նշեց, որ հրատարակվել է իր «Հայոսը Քարթլոսի մասին» գիրքը, որը ներկայացնում է հայերի և վրացիների պատմական, մշակութային ու գրական կապերը: Ժողովածուն ամփոփում է էսսեներ, բանաստեղծություններ և վրացի գրողների ստեղծագործությունների թարգմանություններ: Էդվարդ Միլիտոնյանը գրքեր նվիրեց Նուգզար Ճիաբերաշվիլիին: Նուգզար Ճիաբերաշվիլին խոսեց «Իվերիա» մրցանակաբաշխության մասին, իր գոհունակությունը հայտնեց հայ գրողների մասնակցության համար և անդրադարձավ հետագա համագործակցության հնարավորություններին: Նա շնորհակալություն հայտնեց հայ-վրացական գրական կապերի և հանդիպման կազմակերպման համար: «Իվերիա» մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ոչ միայն Վրաստանում, այլև համագործակցում է եվրոպական շատ երկրներիի հետ: Մարիամ Ջանաշիան և Բայա Գիորգաձեն կատարեցին Թբիլիսիին նվիրված երգ: Վրացի հյուրերին թարգմանում էր բանաստեղծուհի, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին, ում ջանքերի շնորհիվ կայանում է հայ – վրացական գրական համագործակցությունը: Հանդիպմանը ներկա էին «Մրցանակ – Իվերիա»-ին արժանացած հայ գրողները:



