Հայ-իրանական գրական կապեր

Հայ-իրանական գրական կապեր

Հոկտեմբերի 30-ին, Իրանահայ գրողների միության նախաձեռնությամբ, Թեհրանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով` «Պահանջատիրություն» խորագրով: Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ գործունեությունը, գրահրատարակչական ասպարեզը՝ ցեղասպանության թեմային առնչվող, ներկայացնելու առաքելությամբ: «Գաղափարն այն էր, որ 100-րդ տարելիցը նոր ազդակ էր, համախմբման նոր ուժ, հատկապես Հռոմի պապը հսկայական ազդեցություն գործեց աշխարհի գիտակցության վրա Եղեռնի զոհերի հիշատակի պատարագով և սրբագործման արարողությամբ»,- ասաց ՀԳՄ նախագահը և ընդգծեց այն փաստը, որ եթե նախկինում մարտիրոսվելու, նահատակվելու հպարտությունն էր երգերի մեջ, հիմա հաղթանակի շեշտեր են ավելացել և՛ երգերի, և՛ մտածողության մեջ: Մեր հոգեբանության մեջ այս փոփոխությունը նկատվում է հատկապես Արցախյան պատերազմի հաղթանակներից հետո: «Մ. Գալշոյանի հերոս Դավոյի խոսքը` «Ով զարկվի, դավաճան է», պիտի լինի մեր հավատամքը: Պետք է հաղթողի կեցվածք ունենալ, ահա այս հոգեբանությամբ մեր գրականությունը, մշակույթը ոգեղեն տարածքներ գրավելու միտում պիտի դրսևորի՝ ընդհանուր հայությանը նպատակամղելու հայ ոգու, հայապահպանության գործին»,- ամփոփեց Էդվարդ Միլիտոնյանը:
ՀԳՄ նախագահը հանդիպում է ունեցել Իրանի դրամատուրգների խորհրդի նախագահի՝ Բեհզադ Սեդիղի հետ: Քննարկվել են երկու երկրների մշակութային համագործակցության խնդիրներ: Այս տարի հայ դրամատուրգներ են մեկնել Իրան, իսկ եկող տարի Հայաստան կգա իրանցի 10 դրամատուրգ:
Իրանի մշակույթի կենտրոնի ղեկավար Ալիռեզա Ղազվեի հրավերով Էդ. Միլիտոնյանը հանդիպել է կենտրոնի աշխատակիցների հետ: Ներկայացվել են գրահրատարակչական գործունեության համատեղ ծրագրեր: Ա. Ղազվեն առաջարկել է Հայաստանում հրատարակել Իրանի դասական և ժամանակակից բանաստեղծների անթոլոգիան: Էդ. Միլիտոնյանի առաջարկը՝ Իրանում հրատարակել Պարսկաստանի մասին հայ դասական և ժամանակակից գրողների տպագրված լավագույն ստեղծագործությունները Մարտիրոս Սարյանի` իրանյան թեմաներով արված նկարների ձևավորումով, ընդունվել է ջերմությամբ:
Այդ օրերին Թեհրանի «Աֆրազ» հրատարակչության տպագրած Էդ. Միլիտոնյանի «Շիրազի վարդեր» խորագրով պարսկերեն գրքի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ մշակույթի կենտրոնում: Սա ժամանակակից հայ բանաստեղծների 6-րդ ժողովածուն էր, որ տպագրել է հրատարակչությունը:
Էդ. Միլիտոնյանը հանդիպել է «Ալիք» և «Հույս» պարբերականների խմբագրակազմերի հետ: ՀԳՄ նախագահը կարևորել է հայաստանյան գրողների համագործակցությունը այդ պարբերականներին:
ՀԳՄ նախագահը հանդիպում է ունեցել Իրանահայ գրողների միությունում՝ գրողների և ընթերցողների հետ: Նա ներկայացրել է ՀԳՄ աշխատանքը, գրական կապերը արտերկրի և Սփյուռքի գրական կազմակերպությունների հետ:
«Հանդիպումներն ապացուցեցին, որ այսօր ՀԳ միության և Իրանի գրական-մշակութային, հրատարակչական կազմակերպությունների միջև կա սերտ համագործակցություն, և պիտի օգտագործենք այս համագործակցության բոլոր հնարավորությունները»,- շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը:
Սեփ.լրտ.