ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Նոյեմբերի 20-21 – ին Երևանում տեղի ունեցավ Հայ արվեստի և մշակույթի համաժողով: Այն կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Հրավիրված էին մշակութային գործիչներ սփյուռքից և Հայաստանից: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան սեմինարներ, քննարկումներ, ցուցադրություններ:
«Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո անցկացվեցին մի շարք համաժամանակյա սեմինար-քննարկումներ և հայ արվեստագետների արվեստի տարբեր ուղղությունների ցուցահանդեսներ: Գրականությանը նվիրված սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց աշխատանքը, խոսեցին գրականության, իրենց ստեղծագործությունների ու կատարած աշխատանքի մասին և հանդես եկան առաջարկություններով գրականության հանրահռչակման, ժամանակակից հայ գրականության զարգացման, թարգմանության, հրատարակման, ժամանակակից գրողների ճանաչողության և արդի տեխնոլոգիական դարաշրջանի ինտերակտիվ միջոցների օգտագործման վերաբերյալ:
Սեմինարը վարում էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը: Բանախոսներն էին սփյուռքից՝ Ռումինիայի Հայոց Միության նախագահ, Ռումինիայի գրողների միության նախագահ, ՀԳՄ անդամ Վարուժան Ոսկանյանը, բանաստեղծ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Սոնա Վանը ( ԱՄՆ), բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ, ՀԳՄ անդամ Արարատ Ղուկասյանը, գրող, թարգմանիչ, «Մշակութային Փազլ» գրական-մշակութային հարթակի գեղարվեստական խմբագիր և համակարգող, ՀԳՄ անդամ Աղավնի Գրիգորյանը (Իսպանիա), թարգմանիչ, ՀԳՄ անդամ Գարուն Սարգսյանը (Իրան), գրող, դերասանուհի Կորին Զարզավատջեանը (Ֆրանսիա), գրող, փաստաբան Ռուբեն Մարկարյանը (Ռուսաստան), բանաստեղծ, ՀԳՄ անդամ Սաշ Հայկազունը (Ռուսաստան) և Հայաստանից՝ ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ, արձակագիր Նորեկ Գասպարյանը, «Գրական թերթ»-ի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, «Литературная Армения» ամսագրի խմբագրի տեղակալ, գրականագետ Սերգեյ Մուրադյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը:
Բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին, տեղի ունեցավ քննարկում: Կարեն Խուրշուդյանն ամփոփեց քննարկումը՝ նշելով, որ հայ գրականությունն ապրում է նոր ձայներով, նոր լեզվով, նոր պատասխանատվությամբ, բայց լի խնդիրներով ու խոչընդոտներով, և վստահություն հայտնեց, որ լուծումները կգտնվեն միասնական աշխատանքի արդյունքում:



