ՀԱՅՐԵՆԻՔ

Առաջնագծին օգնություն հասցնողներից է Ճամբարակի Թթու ջուր համայնքի երիտասարդ Աղասի Հովհաննիսյանը։ ՀԳՄ-ում ցանցեր գործելու աշխատանքին իր նպաստն է բերում նաև նա։

Եվ ահա, ինձ հետ խոսելու ընթացքում պարզվեց, որ Աղասին բանաստեղծություններ է գրում։

Մարտիկներին նվիրված այս ստեղծագործությունը առաջարկեց տարածել մեր կայքէջում։

Հաջողություն նրան իր բոլոր գործերում։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԱՂԱՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅՐԵՆԻՔ

Դուք հիշվում եք մեր պաշտպաններ, ծառայողներ բանակի,

Ամենքդ մի ընտանիքի լույս ու հույս եք, լավ որդի,

Մեկի համար լավ ընկեր եք, մյուսի համար՝ կյանքի կես,

Ձեր մոր համար մի պաշտպան եք, Հայրենիքը պարտք է ձեզ։

Բայց թող ոչ մի հայի զավակ չմոռանա այն մասին,

Որ հենց իր կյանք առած օրից պարտք է քեզ՝ իմ հայրենիք։

Պարտք է իրեն սնող, սիրող, շահող, պահող ծնողին

Ու պետք է քեզ համար դառնա ազատության երաշխիք։

Այսքան տարի դու մեղմ քայլքով գալիս էիր դեպի մեզ,

Իմ հայրենիք՝ հոգնած, տանջված, դու հյուծված ես, բայց ոչ հեզ,

Դու եկել ես այսքան դարեր ու խոսքը պիտ ասես,

Այսքան տարվա խարկված հոգիդ, լլկած մարմինդ պիտ բուժես։

Քո որդիքը քեզ սատար են, քո վերքերը կբուժեն,

Զինվորները մեր բանակի միշտ պատրաստ են՝ կկռվեն,

Եվ հանուն քեզ, հայոց ազգի, հավատի ու սրբության,

Ետ կդառնան մարտի դաշտից զիլ երգերով հաղթության։

Դուք հիշվում եք մեր պաշտպաններ, ծառայողներ բանակի,

Միշտ խմվում է ձեր կենացը, թող որ Աստված ձեզ օրհնի,

Թող որ լինեք հայոց ազգին միշտ պաշտպան ու ապավեն,

Թող երգերը ձեր հնչեցրած միշտ հաղթանակ ավետեն։