ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն. 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ
06.03.2019

 

 Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներինտրվող աջակցության ծրագիրը 

 

Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական գրականության ժանրերի և գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը։ Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրատարակվեն կամ կտեղադրվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն:

 

Ովքե՞ր կարող են դիմել 

 

Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրին կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները (ֆիզիկական անձինք), որոնք նախկինում չեն ստացել ֆինանսավորում տվյալ ծրագրի իրականացման համար, ՀՀ քաղաքացի են։ Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող խորհրդի անդամների կամ իրենց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին) դիմումները։

 

Ո՞ր նախագծերն են դիտարկվում 

 

Դրամաշնորհը տրվելու է հետևյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

 

ա) գեղարվեստական գրականության բոլոր ժանրերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ հեղինակներին (մինչև երեսուն տարեկան) և փորձարարական գործերին,

 

բ) հետազոտական աշխատանքներ՝

◆ հայ ժամանակակից գրականության քննադատություն,

◆ հայ արվեստի և մշակույթի քննադատություն,

◆ համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններ (խրախուսելի են ՀՀ մշակույթի նախարարության կազմած ցանկում ընդգրկված գործերի թարգմանությունները):

 

Ինչպե՞ս դիմել 

 

Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Հայտի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել grakandramashnorh@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտի փաթեթը պետք է պարունակի՝

◆ հայտի ձևաթուղթը (կցվում է),

◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ երաշխավորագիր, ըստ որի, հրատարակիչը (նաև էլեկտրոնային) պարտավորվում է հետազոտական, ստեղծագործական կամ թարգմանական աշխատանքը հրատարակել մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը:

◆ հայտատուի ինքնակենսագրությունը (CV),

◆ անձը և բնակության վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, պահանջվող ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված կամ պատրաստի աշխատությունների համար ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Ստեղծագործողներին և հետազոտողներին դրամաշնորհ հատկացնող խորհուրդը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:

Հետազոտական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են լինելու՝ համապատասխանությունը հայտարարված ուղղությանը, արդիականությունը, գիտականությունը, անհրաժեշտության հիմնավորվածությունը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են լինելու՝ համապատասխանությունը հայտարարված ուղղությանը, կառուցվածքը, լեզուն և ոճը, օրիգինալությունը:

Խորհուրդը կիրականացնի ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ։ Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում 2020 թվականի բյուջեի հաստատումից հեո՝ մեկ ամսվա ընթացքում։

Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն, հեռախոս՝ 011 52 39 38: