ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի գրողների միությունն իր խոր մտահոգությունն է հայտնում  ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ողջ մանկապատանեկան մամուլի համար ՀՀ բյուջեով սահմանված ֆինանսավորման ձևի վերաբերյալ, ինչի արդյունքում ֆինանսավորումից դուրս են մնացել ավանդական, հանրահայտ գրեթե հարյուրամյա  «ԱՂԲՅՈՒՐ», «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագրերը և «ԿԱՆՉ» թերթը։

Անհասկանալի է ի սկզբանե  այս  երեք պարբերականների  տպագրության և  պահպանման  համար  ՀՀ Գերագույն  խորհրդի  նախագահության 1990 թվականի  դեկտեմբերի 27-ի հատուկ որոշմամբ մինչև օրս ողջ մանկապատանեկան մամուլին հատկացվող գումարը  որևէ  բովանդակային չափորոշիչ  չպարունակող տենդեր-մրցույթ-գնումով  «աճուրդի հանելու»  ԿԳ նախարարության  անընդունելի քայլը, որը  պարարտ հող է  ստեղծում  երեխաների  կրթադաստիարակչական  և գեղագիտական ոլորտ պատահական, բացառապես շահադիտական, բիզնես նպատակներ հետապնդողների  ներխուժման համար:

Այս երեք պարբերականները տասնամյակներ շարունակ եղել են մանկապատանեկան գրականության տպագրության հիմնական դաշտը և այս ոլորտում գրական գործընթացի կազմակերպիչները։ Երեկվա և այսօրվա մանկապատանեկան գրականությունը պարտական է այս պարբերականներին։ Հայ գրողներն աշխատել և աշխատում են այս պարբերականների խմբագրություններում։

Նման ձևով երեխաների կրթությունից և  դաստիարակությունից գումար տնտեսելու  փորձերը  ճիշտ չեն, մանավանդ եթե հաշվի առնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կրթությունը  երկրի զարգացման  համար  գերակայություն է հռչակել:  Մանկապատանեկան մամուլի  ֆինանսավորումն  ավելացնելու, նրա կրթադաստիարակչական գործունեությունը համակարգելու  մասին մտածելու փոխարեն ԿԳ նախարարությունը ընտրում  է հեշտ և էժան տարբերակի «սկզբունքը»,  որը, համոզված ենք, անչափ թանկ է նստելու մեր երկրի վրա:

Պահանջում ենք  չափորոշիչների  հստակեցման  հիմքով  անվավեր ճանաչել կայացած «մրցույթ-տենդերը», գոնե  նախորդ տարվա  համամասնությամբ  բյուջեով նախատեսված ողջ գումարի չափով վերսկսել  մանկապատանեկան  մամուլի  ֆինանսավորումը, մինչև  ընթացիկ տարում մասնագետների հետ (փորձառու մանկավարժներ, խմբագիրներ, ճանաչված գրողներ, լրագրողներ)  հիշյալ ոլորտի համար մշակվեն և սահմանվեն  հստակ  չափանիշներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ