Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար

Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած
գործունեության համար

Հունիսի 2-ին Մշակույթի հայկական ֆոնդը և Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը կազմակերպել էին հանդիպում Հայաստանի գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հետ:
Ներածական խոսքում Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը նշեց, որ Պ. Դեմիրճյանի հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն գրական, գիտական, մշակութային ոլորտներով, այլև ընդգրկում են ազգային ու միջազգային հասարակական, քաղաքական, հումանիտար բնագավառների հարցեր:
Իր ելույթում, նկատի ունենալով, որ այս օրերին լայնորեն նշվում է Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155-ամյակը, Պ. Դեմիրճյանը հանգամանորեն անդրադարձավ նաև նորվեգացի մեծ հումանիստի ու հայասերի, խոշոր գիտնականի ու ազգային-քաղաքական գործչի կյանքին, հարազատ Նորվեգիայի ազատության ու անկախության համար մղած պայքարին, որը, ըստ նրա, խորքային զուգահեռներ է հայտնաբերում Արցախյան ազատամարտի հետ:
Այնուհետև, մտքերի փոխանակությունից հետո, Պ. Դեմիրճյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը հրապարակեց հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշումը` հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Պետրոս Դեմիրճյանին Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով պարգևատրելու մասին: