ՀԱՅՈՍԸ ՔԱՐԹԼՈՍԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅՈՍԸ ՔԱՐԹԼՈՍԻ ՄԱՍԻՆ
Մարտի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոնը: Այն Էդ. Միլիտոնյանի նախաձեռնած «Մենք և աշխարհը» շարքի հերթական գիրքն է, որ վերաբերում է Վրաստանին: Ժողովածուն ամփոփում է Վրաստանի և վրաց գրականության մասին հեղինակի բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները և թարգմանություններ վրաց գրողներից: Ներկա էին Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանորդ Թամար Գամիլաղդիշվիլին և դեսպանի ավագ խորհրդական Գելա Գելաշվիլին: Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը: «Շարունակելով Թումանյանին, Իսահակյանին, Աղայանին, Տերյանին, Չարենցին՝ գրքի նպատակը մեր ժամանակներում եղբայրությունն է Վրաստանի հետ»,- ասաց նա: Էդվարդ Միլիտոնյանը Գելա Գելաշվիլուն հանձնեց ՀԳՄ պատվավոր անդամի անդամատոմս: Գելա Գելաշվիլին շնորհակալություն հայտնեց, ասելով՝ «ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ դրական դերակատարում ունենալ հայ-վրացական գրական կամուրջների շինության գործում: Հայոսը Քարթլոսի մասին լեգենդը դարձել է իրականություն և այն շարունակվում է ու զարգանում»: Նա դեսպանի անունից շնորհավորեց գրքի հրատարակման առթիվ՝ կարևորելով գրական կամուրջների ամրապնդումը: Գելա Գելաշվիլին վրացերեն է թարգմանել հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, որ նվիրեց ՀԳՄ գրադարանին: Թամար Գամիլաղդիշվիլիին Էդ. Միլիտոնյանը նվիրեց «Հայոսը Քարթլոսի մասին» և «Բազմաձայն երկիր Վրաստանը» գրքերը:
Բանաստեղծ Հակոբ Հարությունն իր խոսքում նշեց. «Գրքում ներառված խոհագրությունները պատմում են հայերի և վրացիների բարեկամության մասին: Մեր պապերը բարեկամներ են եղել և մենք պիտի անխաթար պահենք այդ բարեկամությունը»: Գիրքը տպագրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը խոսեց հայ-վրացական բարեկամության ամրապնդմանն ու հարատևմանը նպաստելու համար գրքի կարևորության մասին: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց. «Մենք միշտ էլ հատուկ վերաբերմունք ենք ունեցել վրացական գրականության նկատմամբ: Բարեկամությունը հայերի և վրացիների միջև աստվածային է և ոչինչ չի կարող այն խաթարել»: Ելույթ ունեցան բանաստեղծ Արևշատ Ավագյանը, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը և այլոք: Նրանք շնորհավորեցին գրքի հրատարակման առթիվ՝ հավաստելով, որ բարեկամությունն ամրապնդվում է նման գրքերի հրատարակմամբ : Գրքում տպագրված վրաց բանաստեղծների ստեղծագործությունների տողացի թարգմանությունները կատարվել են Հրաչյա Բայրամյանի և Նինո Սպանդերաշվիլիի կողմից: Նինո Սպանդերաշվիլին շնորհավորեց ոչ միայն հեղինակին, այլև նրանց, ովքեր հետաքրքրված են երկու հնագույն հարևան ժողովուրդների միջև բարօրությամբ և բարեկամությամբ: «Գիրքը հայ-վրացական ձոն է և այն կարդալով ես զգացել եմ սեր, հիացմունք և հպարտություն»,- ասաց նա: Ն.Սպանդերաշվիլին ընթերցեց Էդ. Միլիտոնյանի «Վրացերեն տառեր» բանաստեղծության իր վրացերեն թարգմանությունը: Այնուհետև նա արձակագիր Գոհար Ռշտունուն հանձնեց Թբիլիսիում կայացած Սուրբ Իլյա Արդարի (Ճավճավաձե) «Իվերիա» թերթի միջազգային մրցանակաբաշխության մրցանակը, որը հայ – վրացական գրական կապերի հաստատումն է:
Էդվարդ Միլիտոնյանի թարգմանած ժամանակակից վրաց բանաստեղծների ստեղծագործություններն ընթերցեցին Գայանե Սամվելյանը և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը: Ձեռնարկը վարում էր Գայանե Սամվելյանը:



