ՀԱՅԿ ՀՐԱՅՐԻ «ՏՐՈՓՅՈՒՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀԱՅԿ ՀՐԱՅՐԻ «ՏՐՈՓՅՈՒՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հուլիսի 16-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հայկ Հրայրի «Տրոփյուն» գրքի շնորհանդեսը: Հայաստանում գրքի ներկայացումը յուրօրինակ ուղերձ էր ԱՄՆ-ում բնակվող հեղինակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ «լիրիկական հենքով՝ հայրենիք, սեր թեմատիկան է Հայկ Հրայրի բանաստեղծություններում»: Նա հույս հայտնեց, որ հայրենիքում կազմակերպված գրքի շնորհանդեսը նոր լիցքեր կհաղորդի հեղինակին և ստեղծագործական հաջողություններ մաղթեց:
Շնորհանդեսը վարում էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Նա ներկայացրեց Հայկ Հրայրին, խոսեց նրա ստեղծագործական գործունեության մասին՝ երբ նա բնակվում էր Էջմիածնում և այժմ՝ երբ հեռու է հայրենիքից: «Գրողի խոսքը սրտի և հոգու անաչառ խոսք է: Հայկ Հրայրը կրում է իր հոգում Հայաստանը և իր բանաստեղծությամբ կարողանում է ներկա լինել ամենուր»: «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ, բ.գ.թ Վահագն Սարգսյանն իր ելույթում նշեց. «Հայկ Հրայրի պոեզիան կենսահաստատ է և կենսուրախ. նա կարողանում է ապրել ու ապրեցնել: Նրա բանաստեղծությունները որքան էլ լինեն ռեալիստական, այնուամենայնիվ, նայվածքը ներս է ուղղված: Թեև նա հեռու է ապրում Հայաստանից, սակայն քայլում է մեր ժամանակակից բանաստեղծներին զուգահեռ»: Բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը խոսեց Հայկ Հրայրի ստեղծագործական առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ « նրա բանաստեղծությունները սրտի տրոփյունի են նման»: Արձակագիր Գայանե Փայտյանը կարևորեց Հայկ Հրայրի ստեղծագործությունների ոչ միայն քնարականությունը, այլև՝ հայրենասիրական ոգին, քանի որ բնակվելով Ռուսաստանում, ինքը նույնպես զգում է, որ դա է սփյուռքում հայապահպանության հիմնական գրավականը: Շնորհանդեսի ընթացքում ասմունքող Գայանե Սամվելյանն ընթերցեց ստեղծագործություններ Հայկ Հրայրի «Տրոփյուն» գրքից: Ելույթ ունեցողները նույնպես ընթերցեցին բանաստեղծություններ: Խաչիկ Մանուկյանն ընթերցեց Հայկ Հրայրին նվիրված իր բանաստեղծությունը: Երաժշտական կատարումներով հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը:
Գիրքը տպագրվել է «Արմավ» հրատարակչությունում: Ըստ խմբագիր բ.գ.թ. Արմեն Ավանեսյանի՝ «Հայկ Հրայրը բանաստեղծության տարերքն է նախընտրում: Անմիջականությունը, մտերմիկ տոնայնությունը, նվիրաբերման պատրաստակամությունը բանաստեղծական սահուն անցումներով, կենսական ռիթմերով դառնում են խոսք, որը սրտի նման բաբախում է, կենդանանում, մարմին ու հոգի առնում, ապրում մարդու մեջ»:



