Հայկական հարցին զորակցելը, ազնիվ մոտեցում ցուցաբերելը ՝ մարդ լինելու չափանիշ

Հայկական հարցին զորակցելը, ազնիվ մոտեցում ցուցաբերելը ՝ մարդ լինելու չափանիշ
Ապրիլի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս Հովսեփ Հայրենու (Բելգիա) հետ:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակներին, նշեց, որ հայ ժողովուրդն իր գործնական քայլերով, վերլուծություններով փորձում է պաշտպանել իր Դատը: Այս առումով հետաքրքիր համարելով այն աշխատանքը, որ կատարվում է Սփյուռքում մեր հայրենակիցների ջանքերով՝ Պ. Դեմիրճյանը ներկայացրեց Հովսեփ Հայրենուն, ով ուսումնասիրելով հայոց պատմությունը, հայ գրականությունը՝ ստեղծել է ծավալուն գրքեր: Դրանք վերաբերում են հայ-թուրքական, հայ-քրդական հարաբերություններին և հայ ազգային խնդիրներին:
Սարգիս Հացպանյանը, ներկայացնելով իր մանկության ընկեր Հովսեփ Հայրենուն, բնութագրեց նրան իբրև պարկեշտության, ազնվության, ճշմարտախոսության և արդարամտության չափանիշ, մտավոր բարձր հատկանիշներ ունեցող հայոց ազգի լավագույն ներկայացուցչի, ով մասնակցել է Թուրքիայի իշխանությունների դեմ հեղափոխական շարժումներին, բազմիցս ձերբակալվել և խոշտանգվել է թուրքական իշխանությունների կողմից և, ի վերջո, կարողացել է խույս տալ ու ապաստան գտնել Եվրոպայում՝ Բելգիայում: Ս. Հացպանյանն անդրադարձավ նրա «Վերին Եփրատի ավազանի հայությունը, 1915 թ. և Դերսիմ» աշխատությանը, որը մեծ արձագանք է գտել՝ թուրքալեզու համայնքին ներկայացնելով պատմական իրողությունները: Հովսեփ Հայրենին մանրամասն ուսումնասիրությամբ ներկայացրել է Վերին Եփրատի և նրա շրջակա տարածքը՝ Դերսիմ աշխարհը, որը հայության համար դարձել էր ապաստարան: Նրա մյուս՝ «1915 թ. ժամանակահատվածում հայ-քրդական փոխհարաբերություններին քննական հայացք. վեճեր և վերլուծություններ» գրքում ընդգրկված է հեղինակի թուրքալեզու հոդվածների մի հատվածը՝ Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում քրդերի ունեցած դերակատարման վերաբերյալ քննադատական-վերլուծական հոդվածներ, քրդական ազգայնամոլների հետ բանավեճեր: «Հովսեփի կատարած աշխատանքը լուրջ հետաքրքրություն է առաջացրել, և այսօր մարդկային կեցվածք դրսևորող թուրք և քուրդ հատվածը ավելի շատ սովորել է այս գրքից և Հովսեփ Հայրենուց»,- ընդգծեց Սարգիս Հացպանյանը:
Ս. Հացպանյանն այնուհետև ներկայացրեց լոնդոնաբնակ Ալավի-Ղզլբաշ Մահմութ Ուզունին, որի պապը եղել է Քրդստան գյուղի գյուղապետը և ապաստան է տվել մոտ 300 հայի: Մահմութ Ուզունը միշտ եղել է հայության կողքին և այսօր Հայաստանում է գտնվում որպես «Ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ:
Մահմութ Ուզունը խոստովանեց, որ ինքը պապի արածին արժանի լինելու առաքելություն ունի: «Ինչպես պապս է կանգնել հայության կողքին իբրև մարդ, այնպես էլ ես պետք է կանգնեմ այս ազգի կողքին»,- ասաց նա՝ շեշտելով, որ դատապարտում է այդ հանցագործությանը մեղսակից բոլորին և ներողություն խնդրում հայերից՝ ցեղասպանությանը մասնակից դառնալու համար: «Բռնազավթիչի դերում է հանդես գալիս իմ ազգը և պատմական ճշմարտությանը առերեսվելու բարդույթ ունի, որը չի հաղթահարում»,- ասաց նա և հավելեց. «Հայկական հարցին զորակցելը, ազնիվ, պարկեշտ մոտեցում ցուցաբերելը մարդ լինելու չափանիշ է»:
Հովսեփ Հայրենին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձավ գրքերի ստեղծման աշխատանքներին՝ նշելով, որ ուսումնասիրել է Եփրատի և Արածանիի միջև գտնվող լեռնային շրջանը և գտել բազմաթիվ վկայություններ հայերին ապաստան տալու մասին: «Գրքում տարբեր ժամանակների ու տարբեր դեպքերի մասին իմ վերլուծություններն են, վեճեր այն քրդերի հետ, որոնք իրենց մեղավորությունը չեն ընդունում, և ցույց եմ տվել, թե ինչ հակասություններ կան իրենց ասածների մեջ»,- ամփոփեց նա:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ