Հայերենը` նախանձախնդրության առարկա

Հայերենը` նախանձախնդրության առարկա
Սեպտեմբերի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում պարսկահայ ուսուցիչ Էդիկ Մեհրաբյանի հետ: Ներկաների միջև ծավալվեց երկխոսություն «Հայ-իրանական լեզվական առնչություններ» թեմայի շուրջ:
ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, բացման խոսքում արժևորելով հայերենի ուսումնասիրման, գնահատման յուրաքանչյուր քայլ, ներկայացրեց պարսկահայ մտավորական Էդիկ Մեհրաբյանին, ով իր նախանձախնդրության առարկան դարձրել է հայոց լեզուն: «Այսօր աղետալիորեն ոտնահարվում է հայոց լեզուն հենց բուն հայրենիքում, ամեն ինչ արվում է, որ այն կորցնի իր շուքը, փայլը, իր խորիմաստությունը, ինչից մեր լեզուն խեղճանում, մեռնում է մեր աչքի առաջ: Բայց ահա կա մտավորական, ով ապրում է Իրանում և մտահոգ է մեր լեզվի համար, պրպտում և հայտնագործություններ է անում»,- նշեց Ղ. Սիրունյանը` գնահատելով Է. Մեհրաբյանին և նրա կատարած աշխատանքը: Ըստ պատմագետ Գևորգ Յազիճյանի` Է. Մեհրաբյանը լավատեղյակ է իրանական տարբեր բարբառների, որոշ գյուղերի խոսվածքներին, ինչն էլ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու այն բառաշերտերը, բառակապակցությունները, որոնք հայագիտության, հատկապես լեզվաբանության մեջ կա՛մ ստուգաբանված չեն առհասարակ, կա՛մ տարբեր բնույթի վերլուծումների են ենթարկված: Մանկավարժ Նորայր Էլսայանի կարծիքով` Էդիկ Մեհրաբյանի գործի առավելությունն այն է, որ նա եղել է այդ ընդարձակ երկրի տարբեր շրջաններում, շփվել է տեղի ժողովուրդների հետ և եթե հայերենի հետ առնչություններ է գտել, կարծիք է հայտնել: Տիգրան Դավթյանը, կարևորելով Իրանի պարսկական պետական դպրոցում Է. Մեհրաբյանի` պարսկերենի ուսուցիչ լինելը, վստահեցրեց, որ հայ-պարսկական լեզվական առնչություններ հնարավոր է գտնել Իրանի տարբեր նահանգների, գավառների բարբառներում, որոնք էլ ուսումնասիրում է Մեհրաբյանը: Էդիկ Մեհրաբյանը շնորհակալական խոսքում անդրադարձավ հայ-պարսկական լեզվական առնչությունների ուղղությամբ կատարած իր ուսումնասիրություններին` խոստովանելով, որ այդ գործում մեծ դեր է խաղացել պարսկական դպրոցում ուսուցիչ լինելը: