ԿԻՐԱԿՈՍ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆԻ «ՅՈՒՇԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Կիրակոս Գույումճեանի «Յուշագրական պատառիկներ» գրքի շնորհանդեսը

Հուլիսի 21-ին Հայաստանի գրողների միության հովանավորությամբ  «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ սփյուռքահայ գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճեանի   (Քուվեյթ) «Յուշագրական պատառիկներ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Ռիթա Կաղեանը: Նա ներկայացրեց Կիրակոս Գույումճեանի կենսագրությունը: Տեսաշարի միջոցով նկարներ  ցուցադրվեցին գրքից, որոնք ներկայացնում էին Կիրակոս Գույումճեանի ստեղծագործական ու բարեգործական գործունեությունը Սփյուռքում,  Հայաստանում ու Արցախում: Արձակագիր Պերճուհի Աւետեանը ներկայացրեց գիրքը՝ արժևորելով այն ոչ միայն որպես հուշագրություն, այլև սփյուռքահայ գրողի անդրադարձ համահայկական հարցերին:  Անի Թորանեանն ընթերցեց  «Հայուն թուքը» պատումը Կիրակոս Գույումճեանի գրքից: Բանաստեղծ Տիգրան Գաբոյեանը խոսեց Կիրակոս Գույումճեանի գրական, հասարակական ու բարեգործական գործունեութեան մասին: Հայաստանի  գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում անդրադարձավ Կիրակոս Գույումճեանի ստեղծագործական գործունեությանը, նրա նախկինում տպագրված գրքերին, ինչպես նաև «Յուշագրական պատառիկներ»-ին՝ գնահատելով նրան՝ որպես սփյուռքահայ գրողի ու հրապարակախոսի: Տեսաերիզի միջոցով իրենց սրտի խոսքն ասացին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հայագիտական Կենտրոնի տեսուչ, հրապարակագիր Ահարոն Շխրտըմեանը (Բեյրութ) «Ազդակ» օրաթերթի խմբագիր, հրապարակագիր Շահան Գանտահարեանը (Բեյրութ), «Գանձասար» օրաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեանը (Հալեպ): Երաժշտական կատարումներով հանդես եկան Սօֆի Ստեփանեանն ու Արամ Խաչատուրեանը: Ելույթ ունեցավ նաև «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քօչունեանը: Ելույթ ունեցողները մեծապես գնահատեցին Կիրակոս Գույումճեանի գրական, հասարակական ու բարեգործական գործունեությունը: Կիրակոս Գույումճեանը շնորհակալություն հայտնեց  իր գրքի, ինչպես նաև գործունեության գնահատանքի մասին հնչած ելույթների համար: Այնուհետև Տեր Խորեն քահանա Պերթիզլյանի օրհնությամբ  ունեցավ գրքի գինեձոնի արարողություն և հեղինակն իր գրքերից նվիրեց ներկաներին: