ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Հայաստանի գրողների միությունը և Սփյուռքը ծանր կորուստ ունեցան։ 97 տարեկան հասակում Գլենդելում իր մահկանացուն կնքեց մեծանուն բարերար Հրանդ Սիմոնյանը։ Նա դեռ տարիներ առաջ իր բարեպաշտ Մանուշակ կնոջ հետ Կալիֆոռնիայի հայ գրողների միջավայրում ստեղծեց «Հրանդ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամը։ Այն աջակցության ձեռք մեկնեց Հայաստանի գրողներին՝ հիմնելով ամենամյա՝ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակաբաշխությունը։ Նա աջակցում էր ՀԳՄ «Գրեթերթ» երիտասարդական պարբերականի գործունեությանը։

Իր երկարամյա աշխատանքի և գրական միջոցառումներին ու մրցանակաբաշ-խություններին աջակցելու համար, Հրանդ Սիմոնյանն արժանացավ Հայաստանի գրողների միության սահմանած «Գրական բարերար» կոչմանը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է նաև «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալին։

Հրանդ Սիմոնյանը մշտապես կապի մեջ է եղել Կալիֆոռնիայի հայ գրողների միության և Հայաստանի գրողների միության հետ։ Նրա 90-ամյակի միջոցառման ժամանակ հայ գրողների անունից ջերմ խոսքեր հղեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

– Մեր շնորհակալական խոսքն ենք ասում Հրանդ Սիմոնյանին և իր բարեպաշտ կնոջը՝ տիկին Մանուշակին. մշտապես հայ գրողներին աջակցելու և նրանց կողքին կանգնելու համար… արդեն բավական ժամանակ է,– նշել է Է. Միլիտոնյանը,– ինչ ամերիկահայ բարերար Հրանդ Սիմոնյանը իր տիկնոջ հետ ամեն տարի ՀԳՄ-ում հովանավորում են արձակի, պոեզիայի և հրապարակախոսության բնագավառում օգնել մրցանակակիրներին։

Մրցանակները օժանդակել են ժամանակակից գրականության ճանաչողությանը, ինչպես նաև հոգևոր ազդակ են տվել գրողին՝ նոր գրքեր հրատարակելու։

Հրանդ Սիմոնյանի 90-ամյակին հիշում եմ, որ ջերմ ու սրտաբուխ խոսքեր ասաց նաև սփյուռքահայ Պողոս Գուբելյանը։

Ինչ գրեմ, թող լույս իջնի մեծանուն բարերար և հայրենասեր Հրանդ Սիմոնյանի պսակապատ գերեզմանին, թող նրա պայծառ հիշատակը հավերժ խնկարկվի մեր հիշողության մեջ։

Արծրուն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրող, հրապարակախոս