ԽՈՍՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ Հայաստանի գրողների միությունը զորամասերում կամավորների հետ հանդիպումներ են կազմակերպում: Մասնակցում են գրողներ և հրապարակախոսներ:

Արտաշես Արամի ելույթը նման մի հանդիպման ժամանակ:

Խոսք Հայոց բանակի զինվորներին

Ողջույն ձեզ, Հայոց անպարտելի բանակի զինվորներ, Հայոց պետության և պետականության արթուն ու զգոն պահապաններ։ Ձեր երակներում Հայկ Նահապետի արյունն է հոսում։ Դուք ոգու կրողն եք Անդրանիկի և Գևորգ Չաուշի, Արաբոյի, Մախլուտոյի և Գալշո Մանուկի։ Ոգու կրողը՝ բարձր ու անառիկ Արցախ աշխարհի խրոխտ ու ազատակամ մելիքների։ Դուք Մոնթե Մելքոնյանի,Վազգեն Սարգսյանի և արցախյան ազատամարտի մյուս առասպելացած հերոսների Սրբազան կռվի շարունակողն եք։ Ձեր ուսերին է դրված Խանասորի և Առաքելոց վանքի ընդհատված ճակատամարտերը հաղթական ավարտին հասցնելու պատիվն ու պատասխանատվությունը։

Ես ուզում եմ, որ իմ խոսքը հասցեական հնչի, քանզի ինձ թվում է, թե ես մոտիկից ճանաչում եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Ես գիտեմ, թե ձեր մայրերը սրտի ինչպիսի դողով, ինչ գուրգուրանքով, հույսերով ու երազանքներով են ձեզ մեծացրել, թե ձեր հայրերը ինչ հայրենաշունչ պատգամներով են ձեզ մեծ կյանք ճանապարհել։ Եվ ինձ համար թանկ ու նշանակալի է ձեր ապրած յուրաքանչյուր օրը, ժամը, պահը։

Հայ մարդը միշտ էլ կանգնած է եղել ճակատագրական ճամփաբաժնում, ճակատագրական ընտրության առջև. կամ՝ Հայրենիքի ապահովությունը, կամ «փափուկ», «անվտանգ» անձնապաստան կենցաղը։ «Ինչպե՞ս կարող է լինել հանգիստ, ապահով կյանք, եթե Հայրենիքն ինքն է անապահով, -ասում է Մուշեղ Գալշոյանը, -Ու՞ր կտանի անձնական փառքի ձգտումը, երբ Հայրենիքն ինքն է անփառունակ…»։

Հայոց բանակի անկոտրում զինվորներ, հազար փառք ու պատիվ ձեզ ու ձեր ծնողներին, որ դուք ի սկզբանե և անվերապահ կատարել եք ձեր ընտրությունը, ասել է թե Հայրենիքի շահն ու ապահովությունը վեր եք դասել ամեն ինչից։ Այո, ծանրագույն ժամանակներ ենք ապրում։ Բայց մենք՝ մեր ժողովուրդը, առավել ծանր ժամանակներ է ապրել։ Կորցրած լինելով պետություն ու պետականություն, շատ հաճախ հարկադրված ենք եղել հոծ խմբերով մեր երկիր ներխուժած քոչվոր ցեղերի բազմաքանակ հրոսակախմբերին դիմակայել սակավաթիվ զորաջոկատներով։ Բայց կայացել է անհնարինը։ Կայացել է հրաշքը, և մենք հաղթել ենք։ Հիմա էլ ենք հաղթելու։ Հաղթելու ենք, քանզի այսօր մեր թիկունքում Հայաստանի Հանրապետությունն է իր կայացած, մարտունակ, անպարտելի բանակով։ Հիմա մենք ունենք ռազմարվեստին փայլուն տիրապետող, հմուտ ու բանիմաց, իրենց առասպելական սխրանքներով աչքի ընկած սպաներ ու զորահրամանատարներ, որոնց առաջնորդությամբ դուք նորանոր հաղթական բարձունքներ եք նվաճելու, նվաճելու եք հաստատապես։

Օրեր առաջ ՀՀ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը այն հարցին, թե մենք բարեկամներ ունենք, սթափեցնելու չափ հստակ պատասխանեց, որ այո՛ ունենք, բայց եթե մենք որոշենք պարտվել, ապա մեր բարեկամները կպաշտպանեն պարտվելու մեր իրավունքը, եթե հաղթենք, պաշտպանելու են հաղթելու մեր իրավունքը։

Եվ այս արեգակի ներքո ոչ ոք չի կասկածում, որ դուք կռելու, կոփելու եք այդ բաղձալի հաղթանակը, և մեր հեռու ու մոտ բարեկամները պատիվ ու պարտավորություն են ունենալու ամրագրելու այդ հաղթանակը։

Հայ զինվորնե՛ր, Հայոց պետականության արթուն ու քաջարի պահապաննե՛ր, այս պահին դուք ամուր կանգնած եք Հայոց վաղնջական հողի վրա, որը սրբագործված է մեր հերոսական նախնիների և այսօրվա ձեր զինակիցների խնկելի հիշատակներով և հեղած արյամբ։ Ձեր գլխավերևում Հայոց երկի՛նքն է, որից արարչական լույս է կաթում և ցողում ձեր պսակավոր ճակատները։ Ձեր թիկունքում Հայաստանի Հանրապետությունն է և մայրաքաղաք Երևանը։ Ձեր թիկունքում Արցախ աշխարհն է, Վարանդան, Շուշին՝ մեր փառավոր հաղթանակի պսակն ու խորհրդանիշը։ Ձեր թիկունքում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն է, Մարտակերտն, Մարտունին ու Հադրութը։

Հայոց բանակի զինվորնե՛ր, հնարավոր է ասպետորեն կռվի ելնել ասպետական փաղանգների դեմ, բայց մենք գործ ունենք 21֊րդ դար ոտք դրած, սակայն միջնադարը չհաղթարարած, անգույն ու անկազմակերպ ինչ֊որ զանգվածի, տարերային ու չձևավորված ինչ֊որ ցեղախմբի հետ, որը թքած ունի պատերազմական գրված ու չգրված բոլոր օրենքների վրա։ Կոչը՝ կոչ, բայց ես հորեղբոր, պապի իրավունքով ուզում եմ խնդրել ձեզ, հնարավորինս, առավելագույնս զգոն և շրջահայաց եղեք։ Մեր թշնամին նենգ է, նենգ է ու դավադիր և ինչպես միշտ հարձակվում է գիշերով, գողի ու ավազակի նման ։ Եվ խնդրում եմ, հանուն ձեր մայրերի, ձեր քույրերի, ընկերուհիների և սիրած աղջիկների, վերադարձեք ողջ֊առողջ և հաղթանակած։ Վերադարձեք, քանզի նոր Հայաստանը և Արցախ աշխարհը ծաղկելու, առավել հզորանալու են նաև ձեր ստեղծարար և անձանձիր ջանքով։ Վերադարձեք, քանզի ողջ Հայաստանը, Արցախը և աշխարհով մեկ սփռված ողջ հայությունը սրտատրոփ ձեր տունդարձի ճամփան է պահելու։ Ձեր հանդեպ հայ մարդու բոլորեքյան հույսը, հավատը, սերը, ձեր տատերի, մայրերի և քույրերի աղոթքն ու օրհնանքը սատարելու են, որ դուք առողջ, անվնաս ու հաղթանակած տուն վերադառնաք։

Շուտով, շատ շուտով հնչելու է Հաղթանակի ժամը։ Մեր կռիվն արդար է, և հաղթանակը մերն է լինելու։

26.10.2020թ.