ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆ

ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆ

Կյանքի 71-րդ տարում Թբիլիսիում մահացել է Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ, ազգային-հասարակական-մշակութային գործիչ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆԸ։

Ժորա Սնխչյանը ծնվել է 1951 թ. հունվարի 5-ին Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդայի) շրջանի Ջիգրաշեն գյուղում։ 1973-ին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, շրջանային պետական տարբեր մարմիններում, շրջանային թերթի խմբագրությունում։ 1992 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի անդամ, այնուհետև աշխատել երկրի նախագահի աշխատակազմում՝ որպես խորհրդական, ազգամիջյան հարաբերությունների ծառայության պետի տեղակալ։ 2006 թվականից պաշտոնավարել է որպես Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդական հարցերով ծառայության պետ։

Մեծ է Ժորա Սնխչյանի վաստակը հայ գրականության, հայ-վրացական գրական-մշակութային կապերի զարգացման բնագավառում։ Նա հեղինակ է մի քանի գրքերի։ 1997 թվականից Վրաստանի հայ գրողների բաժանմունքի ղեկավարն էր, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահը, «Վերնատուն» և «Զարթոնք» գրական տարեգրքերի խմբագիրը։

Բեղմնավոր և արդյունավետ գործունեության համար Ժորա Սնխչյանն արժանացել է Հայաստանի և Վրաստանի պետական բարձր պարգևների։ Նա պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, ՀՀ Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության երկու Ոսկե մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով։ Գրական-ստեղծագործական բնագավառում ներդրած ավանդի համար արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

Ազգային-հասարակական-մշակութային ճանաչված գործիչ, հայ-վրացական գրական-մշակութային կապերի ամրապնդման երախտավոր Ժորա Սնխչյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, հարազատների ու մտերիմների, նրա բոլոր ընթերցողների սրտերում։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Անվանի մտավորական, պետական ու հասարակական գործիչ

Ժորա (Գևորգ) Սնխչյանի խնկելի հիշատակին

Ամենքիս մեծ վիշտ, խորը վերք ու ցավ պատճառեց Վրաստանի պետական, հասարակական գործիչ, անվանի մտավորական Ժորա Սնխչյանի մահը:

Նրան ճանաչել ենք Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ ծառայելու տարիներին, երբ գլխավորելով Վրաստանի հայ գրողների պատվիրակությունը` Թարգմանչաց տոնին այցելում էր Օշական և Գրատանը մասնակցում գիտաժողովների:

Ժորա Սնխչյանի հետ մտերմացանք, երբ ծառայության կոչվեցինք Վիրահայոց թեմ` որպես առաջնորդ: Նա ամենուր էր` Վրաստանի պետական ատյաններում, Թբիլիսիի հայկական թատրոնում, «Վերնատուն» հայ գրողների միությունում, Ջավախքում և Վրաստանի հայաբնակ բոլոր վայրերում` կազմակերպելով բազմաբովանդակ միջոցառումներ և իրականացնելով համազգային նշանակության գործեր: Նրա նախաձեռնությամբ տպագրվեցին բազմաթիվ գրքեր, համալրվեց վիրահայության տոնական օրացույցը մեծանուն գործիչներին նվիրված տոնախմբություններով:

Կյանքի վերջին տարիներին առանցքային եղավ նրա ներդրումը Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի կայացման և զարգացման գործում:

Ժորա Սնխչյանը կարևոր դերակատարում ունեցավ վիրահայության՝ Մայր Հայրենիք Հայաստանի հետ գրական, մշակութային կապերի խորացման գործում:

Վերջին շրջանում նա Սամցխե-Ջավախքի հայության մշակութային ծրագրերի հիմնական կազմակերպիչն ու իրականացնողն էր՝ անասելի նվիրումով տրված իր գործին` վայելելով բոլորի սերն ու հարգանքը: Նրա ներկայությունը լցնում, ամբողջացնում էր յուրաքանչյուր ձեռնարկ` լիներ Թբիլիսիում, Ջավախքում կամ Վրաստանի ու Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Ժորա Սնխչյանը մեծ ներդրում ունեցավ նաև հայ-վրացական գրական-մշակութային երկխոսության ու բարեկամության ամրապնդման, զարգացման գործում՝ հոգևոր իր տուրքը տալով երկու ժողովուրդների հազարամյակներով հղկված ու բյուրեղացած բարեկամությանը` դավանելով իր հայրենակիցների՝ Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի գաղափարներին:

Մեր վշտակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում Ժորա Սնխչյանի ընտանիքին, Վիրահայոց թեմին, հարազատներին, գրչակից ընկերներին, նրան գնահատող ու հարգող մարդկանց: Աղոթում ենք, որ մեր Հայրերի Աստված Երկնքի լույս խորաններում ընդունի նրա հոգին, ողորմի ու Սուրբ Հոգու մխիթարությունը բաշխի սգակիր հարազատներին ու ընկերներին: Ժորա Սնխչյանը հավերժ կմնա մեր աղոթքներում, հիշողություններում ու սրտում:

Խունկ և աղոթք Մեծ հայի, անվանի մտավորականի և պետական գործչի վառ հիշատակին:

Աղոթքով`

Գերաշնորհ  Տեր  Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյան`

Մայր  Աթոռի Եկեղեցական  Հայեցակարգային  Հարցերի  գրասենյակի  տնօրեն