ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ
Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ)
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ես հիշում եմ Գրիգոր Լուսավորչի՝ Աստծու հետ զրույցներից մի հատված (էլ ո՞վ կարող էր Նրա հետ պարզ խոսելու հնարավորություն ունենալ, եթե ոչ նա): Այդ հատվածը շատ դիպուկ է բնորոշում մեր ազգի ուղին, մեր ազգի ընթացքը, մեր պատմության բոլոր ժամանակները և, բնականաբար, այս ներկա ժամանակը: Գրիգոր Լուսավորիչը հարցնում է. «Տեր Աստված, դու չես լքի, չէ՞, այս ժողովրդին (նկատի ունի մեզ)»: Աստված պատասխանում է. «Ես երբեք չեմ լքի այդ ժողովրդին, բայց սուրն ու սուգը միշտ կախված են լինելու նրա գլխավերևում, որպեսզի նա իմ ճանապարհից չշեղվի»: Այս բառերում խտացված են մեր ժողովրդի ամբողջ անցյալը և ներկան, հավատի և գոյության համար պայքարը, փորձությունների և նեղությունների պատճառը, թշնամիների առատությունը և մեզ ոչնչացնելու բազմաթիվ փորձերը: Մեր մշակույթը (բնականաբար և գրականությունը) ձևավորվել է Աստծու այդ ծրագրի ներքո: Մեր ժամանակի հայ գրողը, ինչպես դարեր առաջ, այսօր էլ իր ստեղծագործությամբ կրողն է Քրիստոսով մեզ տրված խաչի: Ոչ մի գրող չի շրջանցել (և չէր էլ կարող) քրիստոնեական հոգուց բխող մտքերը, ցանկությունները, գալիքի տեսիլքը:
Ի՞նչ է մեր ժամանակը, այսինքն՝ վերջին երեսուն տարին. ազգային զարթոնք, Արցախյան գոտեմարտ, խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ սոցիալական շերտավորում և անհավասարություն: Հայ գրողի համար լուրջ մարտահրավեր է Արևմուտքից եկած հիվանդությունը՝ նյութապաշտությունը: Նյութը խժռել է մեր ամբողջ գիտակցությունը, ախտահարել մեզ մինչև հոգու խորքերը: Մենք, ըստ էության, ուրիշ բանի մասին ի վիճակի չենք մտածելու, մեր ամբողջ հոգսը նյութն է: Այդ են քարոզում հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը. այն մեր ժամանակի աստվածն է: Եվ ահա այս պայմաններում ուրիշ բան քարոզելը և դավանելն ուղեկցվում են ամեն տիպի զրկանքներով և անտարբերությամբ: Անշուշտ, ճշմարիտ գրողն իր տեղում է, և ապագան դեռևս կխոսի մեր ժամանակի և գրողի մասին: Սակայն ես, որպես հոգևորական և հոգևորի կապը գրականության հետ արժևորող բանաստեղծ, կցանկանայի, որպեսզի մեր գրողը ուշադրություն դարձներ այն հանգամանքին, որ դարերի ընթացքում հայ գրական գործիչը եղել է Եկեղեցու հետ կապված և աղոթքով է սկսել իր օրը: Գուցե դա օգներ ավելի լավ ըմբռնել ժամանակը, ավելի արդյունավետ օգտագործել շնորհը, ավելին անել: Ես համոզված եմ, որ ապագայում հենց այդպես էլ կլինի: «Հացն առանց օրհնողի հաց չէ, և ջուրն առանց աղբյուրի համ չունի»,- ասում է ժողովուրդը: