ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

«Խոսքը՝ հանուն կյանքի»՝ սա էր այս տարվա գյուտը «Գրական տապան» միջազգային փառատոնի, որին վերջերս մասնակցում էի Ծաղկաձորում, իսկ թե ինչու խոսքս սկսեցի հենց այս հիշատակումով՝ առաջին պատճառը հենց ձևակերպումն է, քանի որ ինձ համար չկա խոսք բարբառելու, գրելու այլ շարժառիթ, քան՝ հանուն կյանքի. հակառակը սպանելու պես է, հակառակը հենց դանդաղ էլ սպանում է: Իսկ քանի ապրում ես՝ ժամանակինն ես: Թեև սա չի նշանակում, որ իրարով անպայման խանդավառված եք դու և ժամանակը, միայն թե, չի բացառվում նաև, որ ժամանակ առ ժամանակ խանդավառվում եք իրարով՝ ժամանակը և դու: Միևնույն է՝ հավերժությունը շարժող համաժամանակի մեջ կա մի ժամանակ, որ անհատապես քոնն է՝ քեզ բաժին ընկնող ընծաներով, փորձություններով ու աղետներով՝ միշտ եզակի, անզուգորդելի ու անհատական: Մեծ տեղաշարժերի այս տարվա նախաշեմին՝ հիշատակի ու պահանջատիրության հարյուրամյա հաշվարկով, երբ ես հենց այդ նույն համատեքստում նույնքան տաք ներկայություն էի, միևնույն է՝ իմ գրով, ես ավելի թարմ՝ իմ անհատական ցավի, նախորդ երկու տարիներին ունեցած մարդկային կորուստներիս հետագծով, նախ պիտի դուրս բերեի հենց իմ ապրումի բովանդակությունը, օրը օրին գրված բանաստեղծություններ՝ իրենց անմիջական լիցքով, որ ահա՝ ինքնին մահվանը հանդիպած մեկի հոգու փորձառություններն են՝ գեղարվեստական խոսքով: Ու թեև որոշ չափաբաժնով հրապարակումներ արեցի մամուլում՝ «Գրական թերթ», «Անդին», «Եղեգան փող», ես դրանք առանձին շարքերով ամփոփեցի եկող տարվա համար նախատեսված «Նավամատույց» անտիպ ժողովածուիս «Աննավարկություն» և «Ծանր թիեր» բաժիններում: Մինչդեռ, սկսված տարին՝ հայ նահատակների հիշատակով ու Սրբադասությամբ, Հայ Դատի արդար պահանջով, համաժամանակի ու իմ անհատական ժամանակի մեջ, նոր չէ, որ կարևորվել էր՝ ենթագիտակցական թե գիտակցական տարբեր դրսևորումներով, ուստի՝ «Հայ բանաստեղծները Եղեռնի մասին» անթոլոգիայում, «Կամուրջ» տարեգրքում ունեցա հրապարակումներ: «Դժվար ապրելու և՝ դժվար թե ապրելու միջև» էսսեով վերջերս հանդես եկա «Անդինի» 3-րդ համարում, «Նորքին» տպագրության հանձնեցի երկու պատմվածք: Ուրախալի էր, որ իմ պոեզիան ներկայացված է այս տարի լույս տեսած պարսկերեն և սերբերեն անթոլոգիաներում: Իսկ ես հիմա անգլերենից թարգմանում եմ «Գրական տապանի» մասնակից իսրայելցի բանաստեղծ Ամիր Օրի բանաստեղծությունները: Մի անգամ թեև ասել եմ, որ բանաստեղծական վերջին ժողովածուս՝ «Տանիքի դարպասները», շատ իմաստներով իմ կյանքի վեպն է, այնուամենայնիվ, արձակ վեպ գրելու մեծ պահանջ և ցանկություն ունեմ. գուցե բազմաթիվ այն արձակ տեքստերը, որ այսօր պարզապես գրառում եմ, այդ վեպի կտորներ են՝ չգիտեմ, բայց հավատում եմ, որ իսկական վեպիս ժամանակը գալիս է: