ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ
Սամվել ԿՈՍՅԱՆ

Ոչ մեկը չի ընտրում և չի էլ կարող ընտրել իր ժամանակը. ընտրելու իրավունքը ժամանակինն է, և նա էլ ընտրում է իր գրողին: Հնարավոր է՝ այս փաստարկը տարաբնույթ քննարկումների առիթ տա, հաշվի առնելով, որ շատերն են նույնիսկ քարեդարի խորքերում փնտրում իրենց թեմաներն ու սյուժեները, սակայն թեկուզ գետնի տակ կամ երկնքում, եթե անտեսվում են հասարակության զարգացման ժամանակակից դրսևորումները, ապա գրականության ճգնաժամը հոգևոր ոլորտում անխուսափելի է: Որքան խորությամբ է գրողը իմաստավորում ժամանակակից կյանքի էական կողմերը, այնքան ընդարձակվում են նրա ստեղծագործական տարածքի սահմանները, մեծանում է գեղարվեստական խոսքի տարողունակությունը: Պատահական չէ, որ յուրաքանչյուր արվեստագետ փորձում է անմիջական երկխոսության մեջ լինել իր ժամանակի հետ: Ոմանց հաջողվում է, ոմանց` չէ: Ոմանք փորձում են անցյալի փորձով կերտել ներկայի դիմանկարը, մյուսները՝ հուշերը ջնջելու ճանապարհով: Բոլոր դեպքերում, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, քչերին, ավելի շուտ ընտրյալներին է հաջողվում համընթաց լինել ժամանակին: Համո Սահյանը գրում է.
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է` կապում են թևերս նրանք:
Բանաստեղծի տագնապը հասկանալի է: Չէ՞ որ ժամանակակիցը ենթադրում է գրականությունը հարստացնել նոր թեմաներով, բացահայտումներով, ժամանակակից կոնֆլիկտների խորքային հասկացությամբ, գեղարվեստականության և արտահայտչականության նոր հնարքներով, ձևերով ու միջոցներով: Գրողի կողմից կյանքի խնդիրների ընկալումը կարող է լինել խորքային և մակերեսային, ճիշտ կամ սխալ, բոլոր դեպքերում կարևորվում է նրա պատասխանատվությունը` բարձրաձայնել այդ խնդիրների մասին, բացահայտել դրանք սնող օբյեկտիվ կամ նեգատիվ երևույթների պատճառները: Անձամբ ես փորձում եմ այս սկզբունքով առաջնորդվել, անկախ նրանից՝ դա հաջողվո՞ւմ է ինձ, թե՞ չէ: Իմ վերջին շրջանի բանաստեղծություններում քաղաքացիական թեման կարմիր թելի պես է, և եթե պոեզիայում բաց տեքստին երբեմն փոխարինում է այլաբանությունը, ապա պիեսներում փորձում եմ իրականությունը ներկայացնել առանց գեղարվեստական գունավորումների և բազմաշերտ շպարի: Պարզապես չեմ կարող ինքս ինձ համոզել, որ թատրոնը նույն կյանքը չէ, համենայնդեպս, այն հայելին չէ, որի մեջ արտացոլված է կյանքը: Ցավոք, ներկայիս իրականությունը զուրկ է երջանկության հատիկներից, և գերակշռողը անարդարությունը, կեղծիքն ու ավելի նյութապաշտությունն է, ինչն էլ բնորոշում է իմ պիեսների տրամադրությունը: Պիեսը, որ վերնագրել եմ «Կա և չկա», խարդախության պատմություն է, երբ նույն բնակարանը վաճառվել է մի քանի հոգու: Հերոսներին հուսահատեցնողը միայն դա չէ, այլ ուրիշի դժբախտության նկատմամբ անտարբերության այն միջավայրը, ինչը հասարակության դեգրադացիայի վկայությունն է: Մյուս` «Դեռ վերջը չէ» վերնագրով պիեսը մեզանում նյութի հաղթարշավի պատմությունն է: Նյութի պաշտամունքը հերոսներին տանում է դրախտ, հողերի անարդար սեփականաշնորհումը շարունակվում է նաև դրախտում, և ամենակարևորը, որ դրանով փակվում է հավատքի մուտքը դեպի մարդիկ, որովհետև հավատի գերագույն պարգևը` դրախտը, այլևս նույնքան մեղսավոր է, որքան Երկիր մոլորակը: Երկու պիեսն էլ տպագրվել է «Դրամատուրգիա» ամսագրում: Ցավում եմ, որ ոչ մի ռեժիսոր ու թատրոն չի փորձում բեմադրել: Մտածում եմ, ժամանակի ընտրյալը չեմ դրա համար, թեև մի բարի զգացողություն հուշում է, որ պետք չէ հուսահատվել, քանի որ ժամանակը եթե չի ընտրում, ապա չի էլ արգելում, որպեսզի ինքդ նրան ընտրես: