Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոն

   10.10.2026

Օշական

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո մի շարք մտավորականներ, գրողներ ու թարգմանիչներ այս տարի ևս ուղևորվեցին Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Ստանալով հոգևոր օրհնություն՝ նրանք ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ իրենց երախտագիտությունն ու հարգանքի տուրքը մատուցելով հայ գրերի Մեծն ստեղծողին։ Այնուհետև դպրատանը Տերունական աղոթքով սկսվեց  տոնական հանդիսությունը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը ։ Նա  մրցանակներ և պատվավոր կոչումներ հանձնեց մի շարք գրողների ու թարգմանիչների՝ գնահատելով նրանց նշանակալի ավանդը թարգմանության, գրականության և հայ մշակույթի միջազգային ներկայացման գործում։

Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան) արժանացավ «Գրական բարեկամ» դիպլոմի։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Կալինա Զիոլան հայ գրական ընտանիքի պատվավոր անդամ է, որը երկար տարիներ զբաղվում է հայ գրականության թարգմանությամբ։

Զիոլան հանդես եկավ շնորհակալական խոսքով և ներկայացրեց Եղիշե Չարենցի ստեղծագործությունների իր թարգմանական աշխատանքը։ Գրքի շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 17-ին՝ Չարենցի տուն-թանգարանում։

 Կալինա Զիոլան  ընթերցեց Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության իր թարգմանությունը, իսկ Սոնա Համբարձումյանը՝ հայերեն տարբերակը։

Հատկանշական է նաև, որ «Ծիծեռնակ» հրատարակչությունը՝ գլխավոր խմբագիր և տնօրեն Անուշ Վարդանյանի նախաձեռնությամբ, այս տարի լույս է ընծայել Կալինա Զիոլայի բանաստեղծությունների նոր՝ «Խոստովանություն» խորագրով գիրքը՝ երեք լեզուներով։

Անդրե Շինքելն (Գերմանիա) արժանացավ «Կանթեղ» մրցանակի և Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչման։ Նա ՕԴԱ ամսագրի խմբագիրն է ։

Սաքսոնիա-Անհալթի “Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայս” միության նախագահ Թորսթըն Օլլեն (Գերմանիա) ևս արժանացավ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչման։

«Կանթեղ» մրցանակի արժանացան նաև Վարդան Ֆելեշեթյանը, Գառնիկ Մելքոնյանը և Հերմինե Նավասարդյանը։

 Գերմանիայում վերջերս լույս տեսած անթոլոգիայում  ընդգրկված են հայ հեղինակների ստեղծագործությունները։

Միջոցառման  ընթացքում անթոլոգիայում ներկայացված հեղինակները կարդացին իրենց բանաստեղծությունները։

 Իրենց ստեղծագործություններով հանդես եկան Խաչիկ Մանուկյանը, Շանթ Մկրտչյանը, Գոհար Գալստյանը, Գագիկ Սարոյանը, Հերմինե Նավասարդյանը, Գագիկ Դավթյանը, Անուշ Վարդանյանը, ով ներկայացրեց իր գրքերի թարգմանական աշխատանքը և կարդաց իր «Սիրո մայրցամաք» բանաստեղծությունը։

Նինո Սպանդերաշվիլին (Վրաստան) տոնի առթիվ թարգմանել էր Պարույր Սևակի «Մի պահ զղջում եմ» բանաստեղծությունը։ Նա ներկայացրեց թարգմանությունը, իսկ   Սոնա Համբարձումյանը կարդաց հայերեն տարբերակը։

Արփի Ոսկանյանն ընթերցեց գերմանացի բանաստեղծ Անդրե Շինքելի բանաստեղծությունը, որ թարգմանել է Մանե Խաչատրյանը( բանաստեղծական մշակումը՝ Արփի Ոսկանյանի):

Միջոցառման ընթացքում «Գրական վաստակի» կոչմանն արժանացավ Սերժ Մանուկյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև Գարուն Սարգսյանը՝ (Իրան): Նա իր նշանակալի ներդրումն ունի հայ-պարսկական գրական կապերի և պարսկերեն թարգմանությունների ոլորտում։ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց թարգմանչին և շնորհակալական խոսքն ուղղեց նրան կատարած կարևոր աշխատնքների համար։

Հացեկացից Օշական՝ ավանդույթի շարունակությամբ

Տոնակատարության ամենախորհրդանշական պահերից մեկը կապված էր հին ու գեղեցիկ ավանդույթի վերակենդանացման հետ։

Ամփոփելով տոնը՝ Նորայր Գրիգորյանը ներկաներին հիշեցրեց այդ ավանդույթի մասին և իր նախաձեռնությամբ Հացեկաց գյուղից բերված ցորենի ալյուրից թխված լավաշը՝ որպես նշխար, փոխանցեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

Ավանդույթի համաձայն՝ 36 լավաշ է թխվում Հացեկաց գյուղում, որը համարվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրը։ Այսօր այդ խորհրդանշական ավանդույթը շարունակվում է. Հացեկացից բերված ալյուրով լավաշ է թխվում նաև Օշականում, օրհնվում և բաժանվում տոնի մասնակիցներին։

Այս գեղեցիկ սովորույթը ոչ միայն հիշեցնում է մեր պատմական արմատների մասին, այլև խորհրդանշում է ազգային հիշողության, հավատքի և մշակութային ժառանգության անընդհատությունը։

Սուրբ Թարգմանչաց տոնը ևս մեկ անգամ համախմբեց գրողներին, թարգմանիչներին, մտավորականներին և մշակույթի գործիչներին՝ ընդգծելով հայ գրականության կենսունակությունը, թարգմանության անփոխարինելի դերն ու ժողովուրդների միջև մշակութային կամուրջներ կառուցելու կարևորությունը։

Տոնն ավարտվեց հյուրասիրությամբ։ Մտավորականները համտեսեցին  նաև լավաշը։ Օրն անցավ  հոգևոր օրհնությամբ, ջերմ մթնոլորտում՝  թողնելով լուսավոր ու հիշարժան տպավորություններ…

Թող Մեսրոպ Մաշտոցի լույսը շարունակի լուսավորել հայոց սերունդների ճանապարհը, իսկ հայ գրականությունն ու թարգմանչական արվեստը մշտապես միավորեն ժողովուրդներին՝ խաղաղության, բարեկամության և փոխըմբռնման շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում.