ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Թարգմանչաց տոնը Օշականում

Հոկտեմբերի 11-ին Օշականում  նշվեց  Թարգմանչաց տոնը: Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում  գրողներն ու թարգմանիչները մասնակցեցին  Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված պատարագին ու ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի հանձնումը:  Այն  սկսվեց  Տեր Գարեգին քահանա Արսենյանի օրհնությամբ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին՝ խոսելով Թարգմանչաց տոնի, թարգմանության և մեր գրականության համար նրա կարևորության մասին: Այնուհետև նա մրցանակները հանձնեց թարգմանիչներին: Մրցանակներ տրվեցին Նատալյա Գոնչարին՝ անգլերենից հայերեն, Ռուզան Միրզոյանին՝  ֆրանսերենից հայերեն, Գագիկ Բաղդասարյանին՝ իտալերենից հայերեն և Նինո Սպանդերաշվիլիին՝ հայերենից վրացերեն  թարգմանությունների համար: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին ստացած մրցանակների համար:  Իրենց թարգմանություններն ընթերցեցին Էդվարդ Միլիտոնյանը, Լևոն Բլբուլյանը, Գագիկ Դավթյանը, Շանթ Մկրտչյանը,  Բաբկեն Սիմոնյանը և  Հերմինե Նավասարդյանը: Թարգմանության մասին խոսեցին ու Թարգմանչաց տոնի առթիվ  թարգմանիչներին շնորհավորեցին Հենրիկ Էդոյանը, Գարուն Սարգսյանը և Արևշատ Ավագյանը: