ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ելանէ հաւատ․․․

ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ելանէ հաւատ․․․

Հուլիսի 12-ին Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի պաշտոնաթերթ «Եղեգան փող»-ի հոբելյանական՝ 200-րդ համարի լույսընծայմանը նվիրված հանդիսությունը, որին մասնակցում էին ՀԳՄ նախագահ Էդ․ Միլիտոնյանը, «Վան Արյան» հրատարակչության տնօրեն Վիլյամ Պողոսյանը, Շիրակի մարզի գրասեր հասարակությունը, թերթի լավագույն բարեկամներն ու մեր մշակույթի երախտավորները:

«Թերևս դահլիճում չկա մեկը, որն ուղղակի կամ անուղղակի չի առնչվել «Եղեգան փող»-ին, որի 200-րդ համարը այսօր մենք թերթում ենք որպես անցած ստեղծագործական ճանապարհի վկայություն»,- ասաց թերթի խմբագիր Ռոզա Հովհաննիսյանը։

Հոգևոր-մշակութային գծապատկերում թերթի դերի ու գործառույթների, անցած դժվարին ուղու մասին խոսեց ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ «Եղեգան փողը» Շիրակում մեծ դեր է խաղում գրական մթնոլորտի ստեղծման, գրական նոր սերնդի ինքնահաստատման իմաստով, հետևաբար Շիրակը մեր մշակույթի արարման քուրաներից է։ Նա ՀԳՄ անդամության տոմս հանձնեց երիտասարդ բանաստեղծ Լևոն Բեժանյանին, իսկ Անդրանիկ Կարապետյանին ու Ռոզա Հովհաննիսյանին՝ Շնորհավորագիր թերթի 200-րդ համարի լույսընծայման առիթով։

Թերթի տարբեր տարիների խմբագիրներն անդրադարձան մոտիկ անցյալի պատմական ժամանակներին, երբ նոր-նոր ձևավորվում էր թերթ ունենալու գաղափարը։ 90-ականների գրամշակութային կյանքը հատկապես նոր սերնդի համար բացահայտեց թերթի առաջին խմբագիրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանը՝ ընդգծելով, որ թերթը լավագույն թռիչքադաշտն է Շիրակի գրամշակութային ու գիտական կյանքի զարգացման համար։

Բանաստեղծուհի Սոնա Անտոնյանը խոսեց ոչ հեռավոր 90-ականների գրական խրամատներում թերթի շուրջ հավաքված նվիրյալների, բանաստեղծ Միքայել Ժամհարյանի նախաձեռնությամբ թերթի դժվարին երկունքի, ապա և ստեղծագործական վերելքի մասին։

Հաջորդիվ՝ ազատամարտիկ, բանաստեղծ Գագիկ Սարոյանը նշեց «Եղեգան փող»-ի՝ «Առաքինի գրականություն» ստեղծելու հավատամքին հարազատ մնալը բոլոր ժամանակներում։ Ընդգծվեց, որ թերթը շարունակել է հայ ու համաշխարհային գրականության լավագույն գործերը հրատարակել նաև Ղևոնդ բանաստեղծի /Համլետ Մանուկյան/ խմբագրման տարիներին։

ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը որպես շնորհավորանք Վկայագրեր հանձնեց թերթի բոլոր տարիների խմբագիրներին, գրականագետ, բան․ գիտ․ թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանին, թարգմանիչ Գառնիկ Մելքոնյանին, որպես երախտագիտություն նաև՝ Շիրակի գրական կյանքին մշտապես սատարող բոլոր կազմակերպություններին ու անձանց։

«Շիրակ» հայրենակցական միության կողմից թերթի խմբագրակազմը ստացավ Շնորհակալագիր՝ մարզի գրական կյանքը լավագույնս լուսաբանելու համար։

Հանդիսության ընթացքում հնչեցին երգեր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների կատարմամբ։

Գյումրու Մտորումների թատրոնի դերասան Դավիթ Մարդոյանը մեծ Վարպետի՝ «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով» բանաստեղծության ընթերցմամբ հին ու նոր մարտահրավերի պես զգոնացրեց ներկաներին։

«Եղեգան փողը» մշակութային լուծ քաշող եզնախպեր է, ու այսօր մենք լսեցինք յուրօրինակ հորովելներ ի պատիվ նրա։ Թող հորովելները վերստին հաստատեն, որ այս հողի վրա ապրելու մի բանաձև կա՝ աշխատել ու արարել: Շնորհակալ ենք բոլոր հեղինակներին, հոդվածագիրներին ու ընթերցողներին, շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր զորացնում են թերթս, հողս, երկիրս հայրենի»,- եզրափակեց «Եղեգան փող»-ի խմբագիրը: