Էդվարդ Միլիտոնյանը նորանկախ Հայաստանի մեծագույն ձեռքբերում է համարում հայկական բանակի կազմավորումը

Էդվարդ Միլիտոնյանը նորանկախ Հայաստանի մեծագույն ձեռքբերում է համարում հայկական բանակի կազմավորումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նորանկախ Հայաստանի Հանրապետության  մեծագույն նվաճում է համարում հայկական բանակի կազմավորումը, որն իր հզորությունն ու ամրությունն ապացուցում է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններում:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ մենք մարտնչում ենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, խաղաղ բնակչության ապրելու, գործելու համար: «Արդեն երեսուն տարի մեր նպատակը խաղաղ ապրելն է, իսկ այս պատերազմը  այդ ամենի դեմ է. Ադրբեջանը, համագործակցելով Թուրքիայի հետ, ցանկանում է վերացնել Արցախը, իսկ մենք պետք է պաշտպանենք այն: Սա շատ ժամանակակից պատերազմ է, որում խելքը, ճշգրտությունը, մարտական ոգին, խիզախությունը չափազանց անհրաժեշտ են թե՛ պաշտպանվելու, թե՛ հարձակվելու համար»,- ընդգծեց միության նախագահը:

Միլիտոնյանի խոսքով՝ հայկական բանակն աչքի է ընկնում և՛ տեխնիկապես, և՛ ոգով, և՛ գիտակցությամբ, զինվորական արվեստի իմացությամբ: «Այդ ամենի առկայությունն այսօր ապացուցվում է ռազմի դաշտում: Ադրբեջանի, Թուրքիայի բանակները, գումարած վարձկանները չեն կարողանում  ջախջախել մեզ: Մենք հաճախ ենք ասում, որ  ոգով, խելքով ենք մարտնչում, և այդ ամենին հիմա գումարվել են նաև նոր տեսակի պատերազմի համար անհրաժեշտ գիտելիքները սերտելու և դրանք ռազմաճակատում ճշգրիտ օգտագործելու հմտությունները»,- ընդգծեց Գրողների միության նախագահը:

Անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորմանը, Միլիտոնյանն ասաց՝ ցանկալի է, որ աշխարհի հզոր պետությունները՝ Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը, որոնք Մինսկի խմբի համանախագահներն են, բացի կոչերից և կողմերին հրադադարի մղելու  պատրաստակամությունից, անեն ավելին:

«Հայ զինվորն այսօր պատերազմելով պահում է Արցախի սահմանները: Ըստ իս՝ Ռուսաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի հարցի կարգավորման գործում, քանի որ, եթե Ադրբեջանը և Թուրքիան հաջողության հասնեն որևէ հարցում Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելով՝ ուրեմն այս  պատերազմը տարածվելու է դեպի հյուսիս, արևեք և հարավ»,- եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Անժելա Համբարձումյան