Էդվարդ Միլիտոնյանը մասնակցել է բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին

Էդվարդ Միլիտոնյանը մասնակցել է բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հունվարի 12-16-ը Բուլղարիայում մասնակցել է հայ ժողովրդի բարեկամ, բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահն ասաց, որ իրեն առաջարկել են գրել Պեյո Յավորովին նվիրված «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» վերտառությամբ նոր գրքի առաջաբանը: «Բնականաբար, գրքում չէր անտեսվել Յավորովի լավագույն բանաստեղծություններից մեկը` «Հայերը», որը թարգմանվել է աշխարհի ամենատարբեր լեզուներով: Այդ բանաստեղծությունը նա գրել էր բավական երիտասարդ հասակում: Հայերեն կա երեք թարգմանություն` Համո Սահյանի, Գեւորգ Էմինի եւ Սիլվա Կապուտիկյանի թարգմանությունները: Բանաստեղծությունը բուլղարերենից ռուսերեն է թարգմանել Գուրգեն Բարենցը»,-ասաց նա:
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով`գրողի հոբելյանը նաեւ հայ ժողովրդին, հայությանն էր առնչվում, եւ այնտեղ նշվեց, որ Երեւանում կա Յավորովի անվան փողոց եւ դպրոց:
«Սոֆիայի Բուլղարական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Պեյո Յավորովին նվիրված «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» վերտառությամբ նոր գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:Միջոցառմանը մասնակցեցին ճանաչված գրականագետներ Սերբիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Այնտեղ ելույթ ունեցա նաեւ ես` ներկայացնելով հայ ժողովրդի հիշողությունը կապված Յավորովի հետ»,-նշեց նա:
Հունվարի 13-միջոցառումները շարունակվել են մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ Չիրպան քաղաքում, որտեղ ողջույնի խոսքով հանդես է եկելԲուլղարիայի փոխնախագահ Իլիյանա Յոտովան: ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը վառել է Յավորովի պոեզիան խորհրդանշող ճրագը: Յավորովի պոեզիան հանրահռչակելու գործի համար Էդվարդ Միլիտոնյանը պարգեւատրվել է Չիրպան քաղաքի հուշամեդալով:
Պլովդիվի գրադարանում տեղի է ունեցել հանդիպում Պլովդիվի գրասեր հասարակության, արվեստագետների հետ, որտեղ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրել է Յավորովի մասին իր գրած բանաստեղծությունը: «Պլովդիվի գրողների միության ղեկավարները Հայաստանի գրողների միությանը նվիրեցին դիպլոմ` Յավորովին հանրահռչակելու, հայ եւ բուլղար գրականություններին ծառայություն մատուցելու համար»,-նշեց ՀԳՄ նախագահը:
Էդվարդ Միլիտոնյանը Պլովդիվի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա համագործակցության եւ փոխգործակցության ծրագրեր:
«Յավորովի անձը մեր երկու ժողովուրդների կամուրջն է ու հիմքը, որը ապագայում էլ կապելու է մեր ժողովուրդներին: Մենք պետք է սեւեռվենք այն մտքի վրա, որ գրական մարդը մեծ դեր է խաղում աշխարհում խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու մեջ»,-հավելեց Միլիտոնյանը:
Պլովդիվում հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի և թանգարան: «Մենք թանգարանին նվիրեցինք քարի վրա արված հայկական խաչքար եւ եղեռնազոհ գրողների ռուսերեն ժողովածուն՝ նշելով, որ Յավորովի «Հայերը» բանաստեղծությունը, որը գրվել է 19-րդ դարի 90-ականների վերջին, կարծես, կանխագուշակում էր ցեղասպանությունը: Միջոցառումների ընթացքում տեղի ունեցան նաև մեծ բանաստեծին նվիրված գիտաժողով»,-ասաց Գրողների միության նախագահը: