ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄԵԾ ՀԱՅԸ

ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄԵԾ ՀԱՅԸ

Ռոպեր Հատտեճյանը շատ բան հասցրեց անել իր ժողովրդի համար։ Եվ պատճառը միայն ապրած տարիները չեն, պատճառը  նվիրվածությունն է, պատկառանքը՝ իր ժողովրդի հանդեպ, արժանապատվության զգացումը, որ երբեք չլքեց նրան։ Դա են փաստում արարած գրական գործերը, հոդվածները, փիլիսոփայական նոթերը և երկրամյա գործունեությունը որպես Կոստանդնուպոլսի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր։

Հեռացավ հայ մշակույթի, հայ գրի նահապետը, «հայ ապրումներու ամէնէն վճիտ ու պաղպաջուն աղբիւրը, ժողովրդի արժէքներուն ու եւ ձգտումներուն յանձնառու իսկական առաքեալը, զտարյուն հայ մտաւորականն ու մեծ հայրենասէրը»։ Նա էր գրչի մշակներին, երաժիշտներին, նկարիչներին ու դերասաններին  միավորողն ու նրանց հաջողություններով ուրախացողը, նոր սերնդին  առաջնորդողն ու ողջունողը։

Նրա կորուստը մեծ ցավ է հայ ժամանակակից գրականության համար։

Ռոպեր Հատտեճյանի ցանկությունն էր օտարներին հասցնել հայոց ապրումներն ու ցավը, հայոց երազանքն ու պատմությունը։ Նրա սրտի բաբախը համահունչ էր Հայաստանի Հանրապետության կյանքին։

Ցավակցում ենք հարազատներին, արժանավոր որդիներին, հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող համակիրներին, ընթերցողներին ու գրչի մշակներին։ Եվ չենք կասկածում, որ Ռոպեր Հատտեճյանը ննջելու է «երկնքի օթեւաններու մեջ» և թեթև է լինելու հողը նրա շիրիմի վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ