ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍՈՒՏՆ ՈՒ ՃԻՇՏԸ
ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍՈՒՏՆ ՈՒ ՃԻՇՏԸ
Սուտն ու Ճիշտը երկվորյակ եղբայրներ են, բայց տարբեր ձվաբջիջներից, նման չեն իրար, նույնիսկ բնույթով հակադիր են, միմյանց հանդեպ թշնամաբար։ Նրանց հարաբերությունները հիմնականում սրվում են նախընտրական պայքարի բովում։
Ժողովրդի մեջ կա շերտ, որ ընկալում է ճշմարտությունը, կա շերտ, որ ենթագիտակցորեն, ավելի ստույգ՝ անգիտակցորեն, հակված է խաբվելու, նա երբեմն հաճույք է ստանում ակնհայտ ստից։
Եվ կա երրորդ շերտ, որ սուտն ու ճիշտը խառնակ է ընդունում, նրա համար մեկ է գեղեցիկ, պատրանքային սուտն ու կոշտ ու դժվար ընդունելի ճշմարտությունը։ Նրանք անտարբեր են, անընդունակ վերլուծելու, մերթ սուտն են փառաբանում, մերթ իբր քննում ճիշտը։ Նրանց առավել ճնշում են գողական ճիշտը, բռնի ագրեսիան ու տրամաբանական ճիշտը վտանգավոր և վախազդու է թվում։ Նրանք երազում ցանկալի երազ են երազում։ Արթնանալիս ափսոսում են, տեսնելով դժվար իրականությունը։
Բոլորը վաղուց կրկնում են՝ ստի ոտքերը կարճ են, բայց չգիտեն, որ նրա լեզուն երկար է, մտքին հասնելու ճամփան կարճ ու կախարդելու չափ խաբուսիկ է։ Ճշտի ոտքերը երկար են և երկար ճամփա են կտրում մինչև հասնեն հասկացողության դաշտը։ Ճշտի լեզուն կարճ է և դիպուկ, շատերին այդպիսի բանաձևումները խրթին են և օտար։
Այս երկու եղբայրները ձգտում են իշխանության, երբեմն բռնանում են, հասնում կռփամարտի։ Նրանց չես կարող հաշտեցնել։ Նրանց մայրն ու հայրը հոգնել են խելք սովորեցնելու գործում։ Դասատուները ևս ձանձրացել են։ Ժողովուրդը բեզարել է նրանց կռիվներից՝ մեկը մյուսին քաշքշում են աջ ու ձախ, մեկն՝ իբր դրախտ, մյուսն էլ՝ ավելի դրախտ։ Երկուսն էլ դիմացինի նախկին գործերն ու ներկա ծրագրերը համարում են դժոխք։
Ստի համար բոլորը սուտ են, իսկ ինքը՝ միակ ճշմարիտը։ Ճիշտը մտածում է՝ ամեն ինչ կարելի է լինել, բայց ոչ սուտ։ Եղբոր վիճակը նրան տանջում է, հատկապես, երբ Սուտը վերածվում է ռուսերեն ասած՝ шут-ի։ Բայց եղբայրը «Լիր արքայի» ծաղրածուի նմանակը չէ, այլ, իր կարծիքով, ծաղրածուներին իրենց արժանի տեղը դնողը։
Ի՞նչ անել։ Իմաստունների՞ն դիմել։ Նրանք ավելի շատ լռում են։ Գիտեն, լսողները՝ քիչ, չլսողները՝ իրենց ավելի իմաստուն կարծող։ Մնում է հույսը դնել ժամանակի վրա, նա կպարզաջրի։ Սակայն մինչ այդ Սուտը բազմաթիվ կորուստներ է հրամցնում ընտանիքներին, բարեկամությանը, շուրջերքին։ Ընտրապայքարի ելածները ընտրողներին հորդորում են գնալ ընտրության ու ամենազոր թերթիկին գրանցել քո ձայնը՝ միայն իրենց օգտին, Ճիշտը դեմ չէ այս ուղուն։ Այդ պահին ամեն ընտրող ինքն է իշխանը, հզոր ձայնի տերը։ Սուտ ու Ճիշտ անհաշտ եղբայրների տիրակալն ու հաշտարարարը։
Ընտրատեղամասերում է, որ ձայնը լուռ է, բայց ամենահնչեղը։ Այո, լռությունն է հաղթում Սուտ ու Ճիշտ եղբայրների հաճախ դատարկ, ականջ սղոցող աղմուկ-աղաղակին։ Ինչպես Շեքսպիրն է գրել. «Մնացյալը լռություն է»։ Մեր մեծ գրող Րաֆֆին էլ գրել է. «Ձայն տուր, ով ծովակ»։
Երևի մեր այսօրվա ժողովրդին նկատի ուներ։
Հ.Գ. – Ավելի լավ է ճշմարտություն ասել որպես սուտ, քան սուտն՝ իբրև ճշմարտություն։



