Երկխոսություն, որ պիտի լինի մի՛շտ

Երկխոսություն, որ պիտի լինի մի՛շտ
Մարտի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան և Մանկական գրքի շաբաթին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ 1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի միջազգային օր, որի նպատակը բանաստեղծությունը տարածելն ու գրականության մարդուն կարևորելն է: «Հաճախ մենք խոսում ենք պոեզիայից, բայց գրողը՝ պոետը կարծես դուրս է մնում այս տեսադաշտից»,- ասաց նա և ցավով փաստեց, որ գրողն այսօրվա արժեհամակարգում ինչ-որ չափով թերագնահատված է: «Եթե մի 25-30 տարի առաջ բանաստեղծներին վերածում էին կուռքի, պանծացնում էին նրանց անունները, գրքերը տպագրվում և սպառվում էին հսկայական տպաքանակով, ապա հետո պոետները քշվեցին հետին պլան, և այսօր շատերն են հարցնում` մենք պոեզիա ունե՞նք, թե՞ ոչ»:
Էդ. Միլիտոնյանը նշեց նաև, որ վերջին երեք տարում փորձ է արվում Պոեզիայի օրը ընդլայնել և հանրապետական նշանակություն տալ: ՀԳՄ-ն, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես` Կենտրոն համայնքը միացյալ ուժերով փորձում են պոեզիան հնչեցնել փողոցներում, զբոսայգիներում, ինչպես նաև՝ մշակութային կենտրոններում: Նա տեղեկացրեց, որ այդ օրը բանաստեղծների անունները կրող դպրոցներում ծաղկեպսակներ կդրվեն պոետների հուշարձաններին, կկազմակերպվեն պոեզիայի ցերեկույթներ:
Մարտի 29-ին Գեղարքունիքի Մարտունի քաղաքի թիվ 2 դպրոցում կտրվի Մանկական գրքի շաբաթի մեկնարկը: Մանկագիրները կհյուրընկալվեն նաև Վարդենիկ գյուղի դպրոցում: Ողջ շաբաթվա ընթացքում հանրապետության քաղաքների դպրոցներում, գրադարաններում կլինեն հանդիպումներ մանկագիրների, գրականագետների հետ: Շաբաթը կավարտվի ապրիլի 4-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում, որտեղ գրողները կհանդիպեն Երևանի դպրոցականների հետ: Մանկական գրքի շաբաթի շրջանակում մանկապատանեկան լավագույն գրքի համար 2015 թ. Վ. Անանյանի անվան ՀԳՄ ամենամյա մրցանակը կհանձնվի բանաստեղծուհի Հռիփսիմէին: