ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԵրիտասարԴ  ԳՐՈՂՆԵՐԻ  համաժողով

Հոկտեմբերի 17-19-ին ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ Երիտասարդ գրողների 20-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Արմավիրից, Արցախից, Գեղարքունիքից,  Լոռիից և Շիրակից: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց երիտասարդներին և ներկա ավագ գրողներին. «Ամեն տարի Ծաղկաձորում հանդիպում ենք մեր երիտասարդներին՝ ծանոթանալու  նրանց գրականությանը, ճանաչելու միմյանց: Ուրախալի է ձեզ կրկին տեսնել: Այս տարի մեզ հետ են Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը, ինչպես նաև արցախցի  երիտասարդ գրողներ:

Բազմազան ու բազմաոճ էին երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Նորեկ Գասպարյանի կարծիքով՝ պատերազմները  շատ փոխեցին հայրենիքի ըմբռնումը. 1992-94 թթ. հետո հայրենիքի զգացողությունն այլ էր, 2020թ. և վերջին մեկօրյա պատերազմից հետո՝ բոլորովին այլ: Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ  մարզային թերթերը մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդներին, տպագրվում են անթոլոգիաներ, կան համացանցային պարբերականներ ու մրցանակներ նրանց համար: Նրա կարծիքով՝ գրականության  մեջ էլ են զենքերը փոխվում.  յուրաքանչյուր ժամանակ իր զենքերն ունի և պետք է ժամանակին համապատասխան ճիշտ ընտրություն կատարել:   Մանվել Միկոյանը խորհուրդ տվեց երիտասարդներին՝ շատ կարդալ: Նրա  կարծիքով՝ պարտադիր չէ, որ գրողն ամեն օր գրի, բայց պարտադիր է, որ նա ամեն օր զբաղվի գրականությամբ: 

Արտեմ Հարությունյանը երիտասարդների խմբի հետ հանդիպման և նրանց բանաստեղծությունների ընթերցման ընթացքում ուշադրությամբ  ունկնդրում, գնահատում էր յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկությունները և խորհուրդներ տալիս: «Պոեզիան կտրում է մարդուն սոսկալի իրականությունից՝ նրան  բարի դարձնելով: Այն ցույց է տալիս, թե ինչ բարձունքներ կան, որ կարող է մարդը նվաճել»,- ասաց բանաստեղծը: Երիտասարդները  հետաքրքրությամբ էին լսում համաշխարհային գրականության դասականների ստեղծագործություններից նրա մեջբերումները տարբեր լեզուներով: Գուրգեն Խանջյանի և Ալիս Հովհաննիսյանի հետաքրքիր դիտարկումներն ու խորհուրդները շատ օգտակար էին երիտասարդ գրողների համար:
            Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ նոր տպագրված մի քանի գրքերի շնորհանդես.  Նաթելլա Լալաբեկյանի «Տղան և Աստղիկը»  ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով հեքիաթի,   Դավիթ Խառատենցի «Վերադարձի՛ր» վեպի և Նվեր Մինասյանի «Չեչաքարի պես» բանաստեղծությունների ժողովածուի: Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հեղինակներին՝ ցանկանալով ապագա ստեղծագործական հաջողություններ:

Հոկտեմբերի 19-ին ամփոփվեցին խմբային աշխատանքները: Ավագ գրողները խոսեցին իրենց խմբերում ներառված երիտասարդ գրողների ստեղծագործությունների մասին՝ նշելով նրանց առավելություններն ու թերությունները: Նառա Վարդանյանը նշեց, որ ուրախ էր մասնակցության, նոր հեղինակների հետ ծանոթության ու հետաքրքիր քննարկումների համար և հուսով է, որ դրանք կնպաստեն երիտասարդների ստեղծագործությանը: Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ երիտասարդ արձակագիրների ստեղծագործական խմբում յուրաքանչյուրն իր գույնն ուներ,  իր յուրահատուկ մտածողությունը, նրանք լավ գիտեին թե՛ հայ, թե՛ համաշխարհային գրականությունը: 

Էդվարդ Միլիտոնյանը՝ եզրափակելով համաժողովի աշխատանքներն, ասաց,  որ երիտասարդ ստեղծագործողների մեջ հետաքրքիր բացահայտումներ կային և երիտասարդական հանդիպումները շատ կարևոր են ոչ միայն անհատական զարգացման, ճանաչողության,  ծանոթությունների, այլև  ստեղծագործության համար: Նա հաջողություններ մաղթեց համաժողովի բոլոր մասնակիցներին: