ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2025

Երիտասարդ գրողների համաժողով – 2025
Սեպտեմբերի 10-12-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ ՀԳՄ Երիտասարդ գրողների 22-րդ համաժողովը: Մասնակցում էին մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Արմավիրից, Արցախից, Գեղարքունիքից, Լոռիից, Կոտայքից և Շիրակից: Համաժողովին մասնակցում էին նաև վրաց գրողներ՝ բանաստեղծ, «Ափինաժի» ամսագրի խմբագիր Լևան Գորվանելին և բանաստեղծուհի Էթեր Սադաղաշվիլին: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա ներկայացրեց ավագ գրողներին, ապա տեղեկացրեց, որ վերջին տարիների երիտասարդական համաժողովները տեղի են ունենում ՀԳՄ-ի հետ ԱՄՆ-ում բնակվող բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանի համագործակցության շնորհիվ և շնորհակալություն հայտնեց դրա համար:
Արտեմ Հարությունյանը՝ ողջունելով երիտասարդներին,ասաց, որ երիտասարդները մշտապես պիտի աշխատեն՝ կատարելագործվելու իրենց ստեղծագործությունները: Նաթելլա Լալաբեկյանը նշեց, որ համաժողովը կարևոր է այն առումով, որ «ավագները ծանոթանում են երիտասարդներին ու նրանց ստեղծագործություններին և օգնում իրենց խորհուրդներով և երիտասարդների միջև ընկերական ու ստեղծագործական կապեր են հաստատվում: Երիտասարդ գրողները ներկայացան ու խոսեցին իրենց ստեղծագործությունների մասին: Այնուհետև համաժողովի աշխատանքներն ընթացան երեք խմբերում՝ ընթերցումների և քննարկումների շուրջ:
Պոեզիայի ստեղծագործական խմբերից մեկում երիտասարդների հետ աշխատում էին Էդվարդ Միլիտոնյանը, Շանթ Մկրտչյանը, Մանվել Միկոյանը, Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Հարությունը, մյուսում՝ Արտեմ Հարությունյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Գագիկ Սարոյանը, Անուշ Վարդանյանը և Տիգրան Նիկողոսյանը, իսկ արձակի ստեղծագործական խմբում՝ Գուրգեն Խանջյանը, Նորեկ Գասպարյանը, Ալիս Հովհաննիսյանը, Արմեն Ավանեսյանը և Նառա Վարդանյանը: Խմբերում եղան հետաքրքիր քննարկումներ երիտասարդների ընթերցած ստեղծագործությունների շուրջ: Իրենց բանաստեղծությունները վրացերեն լեզվով արտասանեցին նաև վրաց գրողները: Հայ երիտասարդների համար հետաքրքիր էր ծանոթությունը վրաց գրողների հետ և ուսանելի՝ նրանց տպավորիչ արտասանությունը: Քննարկվեցին նաև փոխադարձ թարգմանության և հետագա հանդիպումների հարցեր: Անդրանիկ Կարապետյանն առաջարկեց վերականգնել Քութայիսի և Գյումրի քաղաքների բարեկամությունը, համագործակցություն հաստատել «Ափինաժի» և «Եղեգան փող» պարբերականների միջև և փոխադարձաբար հայ և վրաց գրողների ստեղծագործություններ թարգմանել ու տպագրել: Վրաց գրողներին թարգմանում էին բանաստեղծուհի, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին և թարգմանչուհի Լիանա Սամադալաշվիլին:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան մի քանի նոր տպագրված գրքերի շնորհանդեսներ: Սեպտեմբերի 10-ին Միշա Մանուկյանի «Սիրո խրամատ» գրքի, ինչպես նաև Շիրակի և Լոռու մարզերի երիտասարդ ստեղծագործողների «Հույզի հանդերձներ» բանաստեղծությունների ու «Անպարագիծ» արձակ ստեղծագործությունների ժողովածուների շնորհանդեսն էր: Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հեղինակներին և հետագա հաջողություններ մաղթեց: Շիրակի մարզի երիտասարդների ու հրատարակված ժողովածուների մասին խոսեց ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը: Ժողովածուներում ընդգրկված են «Արարատ Մկրտումյան» ամենամյա՝ 2025թ. գրական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակի արժանացած հեղինակների ստեղծագործությունները, տպագրվել են «Արմավ» հրատարակչությունում:
Սեպտեմբերի 11-ին շարունակվեցին խմբային աշխատանքները: Տեղի ունեցավ Անի Ղազարյանի «Ճաքը նռան շուրթին» գրքի, ինչպես նաև Մարիամ Սարգսյանի «Հեքիաթին հետևող մանուկների աշխարհը» մանկական ժողովածուի շնորհանդեսը: Գրքերը ներկայացրեցին Էդվարդ Միլիտոնյանը և Արտեմ Հարությունյանը: Հեղինակները շնորհակալություն հայտնեցին շնորհանդեսի կազմակերպման համար: Նույն օրը ներկայացվեց նաև հայերեն ձայնային և էլեկտրոնային գրքերի «Գրքասեր» կայքը: Այն ներկայացրեց հիմնադիր Տիգրան Ազիզբեկյանը: Նա առաջարկեց գրողներին համագործակցել իրենց հետ և գրքեր տրամադրել կայքում տեղադրելու համար: Կայքի մասին երիտասարդների հարցերին պատասխանեց բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:
Էդվարդ Միլիտոնյանը ծննդյան 75-ամյակի կապակցությամբ արձակագիր Գուրգեն Խանջյանին հանձնեց ՀԳՄ ուղերձը: Նա խոսեց Գուրգեն Խանջյանի ստեղծագործության մասին՝ մեծապես գնահետելով նրա ներդրումը ժամանակակից հայ գրականության մեջ, ինչպես նաև նրա աշխատանքը երիտասարդների հետ՝ որպես «Գրեթերթ»-ի տնօրեն:
Սեպտեմբերի 12-ին ամփոփվեցին համաժողովի աշխատանքները: Էդվարդ Միլիտոնյանը՝ եզրափակելով համաժողովի աշխատանքն ասաց, որ երիտասարդական հանդիպումները օգտակար են թե՛ նրանց ստեղծագործությունների կատարելագործման, թե՛ գրողների ճանաչողության ու ծանոթությունների համար: Նա տեղեկացրեց, որ ՀԳՄ և ՀԲԸՄ համատեղ մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության մրցանակները կհանձնվեն ՀԳՄ-ում: Կարևորելով Ծաղկաձորի ստեղծագործական տան գործունեությունը՝ նա խոսեց վերջերս ստեղծագործական տների և ՀԳՄ շենքի նկատմամբ պետական հանիրավի վերաբերմունքի ու ընթացող դատավարության մասին և հորդորեց երիտասարդներին ակտիվ լինել այդ հարցով: Էդ. Միլիտոնյանն իր գոհունակությունը հայտնեց նաև վրաց գրողների մասնակցության համար և հաջողություններ մաղթեց համաժողովի բոլոր մասնակիցներին: Իրենց ամփոփիչ խոսքն ասացին Արտեմ Հարությունյանը և Նաթելլա Լալաբեկյանը: Նրանք նշեցին ծաղկաձորյան հանդիպումների ու երիտասարդների հետ աշխատանքի կարևորության, օգտակարության և արդյունավետության մասին: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանին հյուրընկալության և համաժողովի անցկացման պայմանների ստեղծման համար: Իրենց երախտագիտությունը հայտնեցին նաև վրաց գրողները: Նրանք ուրախ էին Հայաստան այցելության և համաժողովին մասնակցության համար, որը լավ առիթ էր հայ գրողների հետ ծանոթության համար: Լևան Գորվանելին առաջարկեց հայ գրողներին իրենց ստեղծագործությունների վրացերեն թարգմանությունն ուղարկել տպագրելու «Ափինաժի» ամսագրում: Էթեր Սադաղաշվիլին խոսեց իր հրաշալի տպավորությունների մասին, որ ստացել էր Ծաղկաձորից, գրողների ստեղծագործական տնից և համաժողովից: Իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև Նինո Սպանդերաշվիլին և Լիանա Սամադալաշվիլին՝ հավաստելով, որ գրականությունն ու մշակույթն են ազգերի բարեկամության հիմքում:
Հերմինե Նավասարդյան