ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2024

Երիտասարդ գրողների համաժողով – 2024
Հոկտեմբերի 17-19-ին Ծաղկաձորում՝ Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ Երիտասարդ գրողների 21-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդներ Երևանից, Արմավիրից, Արարատից, Գեղարքունիքից, Լոռիից, Կոտայքից, Շիրակից և Տավուշից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ողջունելով երիտասարդներին և ավագ գրողներին, ասաց, որ տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով տեղի են ունենում երիտասարդական հավաքները և դրանք երիտասարդների համար առիթ են միմյանց, ինչպես նաև ավագ գրողներին ճանաչելու համար: Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց Նաթելլա Լալաբեկյանին հանձնեց ՀԳՄ «Գրական բարերար» դիպլոմ՝ ներկայացնելով նրա աջակցությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ վերջին տարիների ծաղկաձորյան երիտասարդական հավաքները: Երիտասարդ գրողները ներկայացան, խոսեցին իրենց ստեղծագործությունների մասին: Համաժողովին մասնակցում էին վրաց գրողներ՝ արձակագիր, «Մերանի» հրատարակչության տնօրեն Մանանա Գորգիշվիլին, բանաստեղծներ Օթար Ֆալիանին, Կախա Չլիկաձեն և արձակագիր Մորիս Ռոստիաշվիլին:
Համաժողովի աշխատանքներն ընթացան երեք խմբերում՝ ընթերցումների և քննարկումների շուրջ: Պոեզիայի ստեղծագործական խմբերից մեկում երիտասարդների հետ աշխատում էին Էդվարդ Միլիտոնյանը, Շանթ Մկրտչյանը, Մանվել Միկոյանը և Անդրանիկ Կարապետյանը, մյուսում՝ Արտեմ Հարությունյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Գագիկ Սարոյանը, Անուշ Վարդանյանը և Հակոբ Հարությունը,իսկ արձակի ստեղծագործական խմբում՝ Գուրգեն Խանջյանը, Ալիս Հովհաննիսյանը, Նորեկ Գասպարյանը, Դավիթ Մուրադյանը, Արմեն Ավանեսյանը և Նառա Վարդանյանը: Դավիթ Մուրադյանը մասնակցեց նաև պոեզիայի խմբի աշխատանքներին: Բանաստեղծություններ ընթերցեցին Ալբինա Բուջատյանը, Մուշեղ Տոնոյանը, Արմեն Ավոն,Լուսինե Առաքելյանը, Մարիամ Սուքիասյանը, Անի Ղազարյանը, Աիդա Հարությունյանը, Նաիրա Ղուկասյանը, Սաթենիկ Արթենյանը, Լևոն Բեժանյանը, Միլենա Սաֆարյանը, Լիլիթ ՀովհաննիսյանըևՍուսաննա Գևորգյանը: Արձակի բաժնում ընդգրկված էին երիտասարդ արձակագիրներ՝ Ամալյա Ենգոյանը, Արամ Դովլաթյանը, Գոռ Աղամիրյանը, Սյուզաննա Գալստյանը, Անի Խաչատրյանը, Էրիկ Բեկնազարյանը և Հովհաննես Կարապետյանը: Խմբերում եղան հետաքրքիր քննարկումներ երիտասարդների ընթերցած ստեղծագործությունների շուրջ: Իրենց ստեղծագործությունները վրացերեն լեզվով ընթերցեցին նաև վրաց գրողները: Հայ երիտասարդների համար հետաքրքիր էր ծանոթությունը վրաց գրողների հետ: Ստեղծագործական քննարկումները երկուստեք օգտակար էին գրողների համար՝ ծանոթանալու արդի գրականության թեմաներին, ոճերին, ինչպես նաև գրականության զարգացման միտումներին: Քննարկվեցին նաև փոխադարձ թարգմանության և հետագա հանդիպումների հարցեր: Վրաց գրողներին թարգմանում էր Նինո Սպանդերաշվիլին:
Համաժողովի ընթացքում եղան մի քանի նոր տպագրված գրքերի շնորհանդեսներ: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Նաթելլա Լալաբեկյանի «Ալինի արկածները հեքիաթների աշխարհում» եռալեզու՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն մանկական գրքի շնորհանդեսը: Գիրքը հայերեն է թարգմանել Արտեմ Հարությունյանը: Այն տպագրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Մանանա Գորգիշվիլին ներկայացրեց «Արիլի» ամսագրի հատուկ համարը, որ նվիրված էր Հայաստանին: Այնտեղ տպագրվել էին հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ: Նա հույս հայտնեց, որ հայ և վրաց գրողների հանդիպումները շարունակական կլինեն և թարգմանության միջոցով գրական կապերն առավել կակտիվանան: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վրաց բանաստեղծ Բաղաթեր Արաբուլիի «Ուրիշ երկինք» գիրքը՝ իր և Գագիկ Դավթյանի թարգմանությամբ, որ տպագրվել էր Երևանում: Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցան Հայկ Սիրունյանի «Ինձ թողեք այստեղ», Մարիամ Սարգսյանի «Փախչող պատմության շրջապտույտի ձայնը» և Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» գրքերի շնորհանդեսները: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց գրքերը, խոսեց երիտասարդ հեղինակների, նրանց գրքերի ու ստեղծագործական յուրահատկությունների մասին՝ մաղթելով ապագա հաջողություններ: Ներկաները շնորհավորեցին հեղինակներին գրքերի տպագրության առթիվ: Երիտասարդներն ընթերցեցին Հայկ Սիրունյանի բանաստեղծություններից:
Նույն օրը տեղի ունեցավ նաև երիտասարդական «Գրեթերթ»-ի կայքի շնորհանդեսը: Կայքը ներկայացրեց Նառա Վարդանյանը: Նա նշեց, որ կայքում հավաքված են 2006թ.-ից տպագրված նյութերը, յուրաքանչյուր հեղինակ ներկայացված է առանձին՝ լուսանկարներով և ստեղծագործություններով: Կայքի նորացման և վերաթողարկման նպատակը՝ ի տարբերություն թերթի եռամսյա տպագիր տարբերակի, առավել ինտերակտիվ լինելն է, երիտասարդների ստեղծագործությունների հաճախականությունը, անդրադարձը գրական անցուդարձին, ինչպես նաև նոր հրատարակված գրքերին: Կայքն ունի առանձին լուսանկարների բաժին:
Հոկտեմբերի 19-ին ամփոփվեցին խմբային աշխատանքները: Ավագ գրողները խոսեցին իրենց խմբերում ներառված երիտասարդ գրողների ստեղծագործությունների ու եղած քննարկումների մասին: Արտեմ Հարությունյանը նշեց հեղինակների առավել հաջողված ստեղծագործությունները: Համաշխարհային գրականության մասին նրա խոսքը երիտասարդ ստեղծագործողների համար չափազանց օգտակար էր: Շանթ Մկրտչյանը կարևորեց երիտասարդների ծանոթությունը դասական և ժամանակակից գրողներին ու նրանց ստեղծագործական ոճերին: Նաթելլա Լալաբեկյանի կարծիքով՝ գրականությունն առաջին հերթին աշխատանք է և ուրախալի է նախաձեռնված հանդիպումների օգտակարությունն ու արդյունավետությունը երիտասարդների համար: Նորեկ Գասպարյանի համար հետաքրքիր էր ծանոթանալ երիտասարդների ստեղծագործություններին և տեսնել նրանց յուրահատուկ դիտանկյունը, որով նրանք նայում են աշխարհին: Արմեն Ավանեսյանը կարևորեց երիտասարդական համաժողովների ավանդույթի պահպանումը և մարզային բաժանմունքների աշխատանքը, որի շնորհիվ նկատելի է երիտասարդների ակտիվությունը: Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ երիտասարդ արձակագիրների ստեղծագործական խմբում քննարկումները երկուստեք արդյունավետ էին:
Էդվարդ Միլիտոնյանը՝ եզրափակելով համաժողովի աշխատանքներն, ասաց, որ երիտասարդ գրողները հետաքրքիր ստեղծագործություններ ունեին, բավական արդյունավետ քննարկումներ եղան և երիտասարդական հանդիպումները կարևոր են թե՛ գրողների ճանաչողության ու ծանոթությունների, թե՛ նրանց ստեղծագործական ընթացքի համար: Նա իր գոհունակությունը հայտնեց նաև վրաց գրողների մասնակցության վերաբերյալ և հաջողություններ մաղթեց համաժողովի բոլոր մասնակիցներին: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Գրողների միությանը, ինչպես նաև Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանին հյուրընկալության և համաժողովի անցկացման համար բոլոր պայմանների ստեղծման համար: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ տարիներ շարունակ Ծաղկաձորի ստեղծագործական տունը հյուրընկալել է ոչ միայն հայ գրողների, այլև շատ հայտնի գրողների աշխարհի տարբեր երկրներից: Նա խոսեց վերջերս ստեղծագործական տների նկատմամբ պետական հանիրավի վերաբերմունքի ու ՀԳՄ անշարժ գույքի սեփականության վիճարկման մասին՝ ասելով, որ դրանք ուղղակիորեն վնասում են մշակույթին, մշակութային արժեքների ստեղծմանն ու գրականության պատմությանը: Հիշեցրեց, որ ստեղծագործական միությունների շենքերը երբեք պետական կարգավիճակ չեն ունեցել և հիմնականում պահպանվել են սեփական միջոցներով ու բարերարների ներդրումներով: Երիտասարդ գրողների ծաղկաձորյան համաժողովը միաձայն հրապարակեց
ԿՈՉ
ՀՀ կառավարությանը, ՀՀ դատախազությանը և ՀՀ վարչական դատարանին՝ հրաժարվել մշակույթին վնասող քաղաքականությունից՝ հարգելով ստեղծագործական միությունների բազմամյա վաստակը և 25-ամյա սեփականության իրավունքը:



