ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԴԱՐԵՐԻՑ ՈՒ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱԿԱՆ

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական

Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին ավանդույթ է այցելությունը նրա հուշակոթողին: Այնտեղ էին  գրողներ, արվեստի գործիչներ, Չարենցի տուն թանգարանի աշխատակիցներ, նրա անվան դպրոցի ուսուցիչներ ու աշակերտներ:  Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Չարենցին՝ ծաղիկներ դնելով վեհաշուք հուշակոթողին: Աշակերտներն արտասանեցին Չարենցի բանաստեղծություններից: Եղան նաև երաժշտական կատարումներ, հնչեցին մեծանուն բանաստեղծի խոսքերով գրված երգեր:

Չարենցի  թոռնուհին՝ Գոհար Չարենցը,  ողջունեց  ներկաներին և շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին, ասելով՝   «Ես էլ եմ հաճախել Չարենցի անվան դպրոցը՝ ոչ միայն նրա համար, որ իմ պապիկի անվան էր, այլ նաև, որ  լավագույն դպրոցներից  է: Ուրախալի է, որ նոր սերունդը կարդում է Չարենց: Այսօր հայ ժողովուրդը նշում է իր հանճարեղ զավակի 129 – ամյակը: Ամեն տարի նույն հուզմունքն ունեմ, հատկապես, երբ տեսնում եմ, թե ինչպես  են նրան սիրում աշակերտներն ու, ընդհանրապես, հայ ժողովուրդը»: Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ  թանգարանում  միջոցառումներ են  կազմակերպվում,  որոնք հիշատակում և նշանավորում են Չարենցի ծննդյան օրը:  Տարին նշանավորվում է մեկ բացառիկ նմուշի ցուցադրությամբ, որ կոչվում է «Չգրված թուղթ» և  «Չարենց-Նամե»  հայերեն-պարսկերեն գրքի շնորհանդեսով: Գրականագետ, բ.գ.դ. Դավիթ Գասպարյանն իր խոսքում նշեց.  «Չարենցը մեր գրական, մտավոր կյանքի բարձրագույն դրսևորումն է: Չարենցը համազգային անուն է, որովհետև իր մեջ պարփակում է մի ամբողջ ժողովրդի գոյաբանություն, մի ամբողջ ժողովրդի ծննդաբանություն, մի ամբողջ ժողովրդի  անցյալն ու ներկան»:

Հուշակոթողի մոտ  Չարենցի հավերժական շունչն ու ոգին էր ու աշակերտների արտասանությամբ ղողանջող տողերը.

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…