ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ – 128

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ – 128
Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին բազմաթիվ էին այցելուները նրա հուշակոթողին: Այնտեղ էին գրողներ, Չարենցի տուն թանգարանի աշխատակիցներ, նրա անվան դպրոցի աշակերտներ: Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը ողջունեց ներկաներին, ասելով՝ «Այսօր հայ ժողովուրդը տոնում է իր հանճարեղ զավակի 128 – ամյակը: Չարենցն իր կենդանության ժամանակ տեսավ իր ժողովրդի սերն ու պաշտամունքը և հասկացավ, որ դա տևելու է հավերժ»: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հանճարի միջոցով է ժողովուրդն իր պատգամները հղում, ինչպես՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», ապա հավելեց՝ «Հանճարն իր ստեղծագործություններով հիմք է ստեղծում ապագա ստեղծագործողների համար, ապրելու հնարավորություններ և հարատևելու կամք, ուղղակի պիտի այդ ամենը ճանաչել ու գիտակցել»: Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ «Չարենցն ազատ մարդ էր և՛ իր ստեղծագործությունների մեջ, և՛ իր կյանքով: Նրա մեջ ամբողջ 20-րդ դարն է»: Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը խոսեց թանգարանում իրականացվող աշխատանքների մասին, ասելով, որ տարին նշանավոր է մեծ բանաստեղծի արտասահմանյան ճամփորդությունների 100-ամյակով և ծննդյան օրը կնշվի նրա իտալական ճամփորդության վերաբերյալ ցուցահանդեսի բացմամբ: Չարենցի անվան դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանեցին նրա բանաստեղծությունները, որոնք ամեն սերնդի հետ իբրև պատգամ են ղողանջում:



