Դրամաշնորհային ծրագիր` 2021 թվականին ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ

Դրամաշնորհային ծրագիր` 2021 թվականին ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ

Ի՞նչ է ստեղծագործականհետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագիրը

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է երրորդ անգամ: Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտին դրանք հրատարակվում կամ հրապարակվում են:

Ովքե՞ր կարող են դիմել այս դրամաշնորհին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են անհատապես դիմել գրողները, քննադատները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են: Այն ստեղծագործողները և հետազոտողները, որոնք նախկինում օգտվել են այս ծրագրից, չեն կարող կրկին հայտ ներկայացնել՝ բացառությամբ թարգմանական նախագծերի: Չեն դիտարկվի հայտերը քննող խորհրդի անդամների կամ նրանց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին) դիմումները։

Ո՞ր նախագծերն են դիտարկվում

Դրամաշնորհ տրվելու է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) գեղարվեստական գրականության բոլոր ժանրերին,
բ) հայ ժամանակակից գրականության քննադատություն (հետազոտական աշխատանքներ),
գ) համաշխարհային գրականության նշանակալի՝ մինչև 19-րդ դարի ավարտը ստեղծված երկերի թարգմանություններ (խրախուսելի են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմած ցանկում ընդգրկված գործերի թարգմանությունները):

Մրցույթն իրականացվում է հետևյալ ժամանակացույցով.

Մրցույթի մեկնարկ՝ 2020 թվականի օգոստոսի 17
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2020 թվականի սեպտեմբերի 17
Մրցույթի արդյունքների հայտարարում՝ 2020 թվականի դեկտեմբերի 15

Ինչպե՞ս դիմել

Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) պետք է ուղարկել «literature@escs.am» էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով Ձեր անունը և ազգանունը:

Հայտի փաթեթը պետք է պարունակի՝

◆ հայտի ձևաթուղթը (կցվում է),

◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ), ինչպես նաև բնագրային համապատասխան տեքստը,

◆ երաշխավորագիր որևէ հրատարակչությունից, տպագիր կամ էլեկտրոնային պարբերականից, ըստ որի, վերջինները պարտավորվում են դրամաշնորհ ստացած հետազոտական, թարգմանական կամ ստեղծագործական աշխատանքը հրատարակել կամ հրապարակել մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը:

◆ հայտատուի ինքնակենսագրությունը,

◆ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը խորհուրդը չի դիտարկի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և մասնագիտական խորհուրդը, ըստ անհրաժեշտության, կարող են դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր, ինչպես նաև հրավիրել հանդիպման:

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, վերջնարդյունքի կարևորությունը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ գեղարվեստականությունը, ժանրային իրացումը, տեքստի կառուցման վարպետությունը, լեզուն և ոճը, ինքնատիպությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ կարևորության հիմնավորումը, թարգմանության գեղարվեստական որակները, լեզուն և ոճը, համարժեքությունը բնագրին:

Ներկայացված հայտերը քննելու և 2021 թվականին դրամաշնորհ ստացող գրողների, թարգմանիչների և հետազոտողների ցանկը ձևավորելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը (կազմը կցվում է):

Մրցույթի անցկացման կարգը կցվում է։

Հարցերի պարագայում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն +(374) 10 599 629 հեռախոսահամարով բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):